ԱՄՆ-ն իր ռազմական ինքնաթիռների վրա հայտնաբերել է չինական պահեստամասեր

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ 5-րդ սերնդի F-35 կործանիչների վրա հայտնաբերել են չինական արտադրության բաղադրիչ մասեր։ Նույն չինական պահեստամասերը կիրառվել են նաև որոշ F-16 կործանիչի և B-1B մարտավարական ռմբակոծիչի, ինչպես և մի շարք այլ ռազմական ինքնաթիռների վրա։

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, Պենտագոնի ներկայացուցիչը չի նշել, թե ինչ պահեստամասերի մասին է խոսքը, միայն շեշտել է չինական տիտանի մասին, որը, ըստ աղբյուրի, կարող էր օգտագործվել նաև SM-3 Block IIA նոր հակահրթիռի ստեղծման աշխատանքներում։

Այնուհանդերձ, Պենտագոնի հավաստիացումներով՝ չինական արտադրության սույն պահեստամասերը բացասական ներազդեցություն չեն ունենա ամերիկյան ավիացիոն ու ռազմական տեխնիկայի վրա, սակայն դրանց կիրառման խնդիրը դրվելու է ԱՄՆ Կոնգրեսի առաջիկա քննարկմանը։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա փետրվարի կեսերին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը որոշել էր կրճատել F-35 կործանիչների 2015-ի համար նախատեսված պատվերի ծավալները՝ հասցնելով դրանք 34-ի, ինչն 8 ինքնաթիռով պակաս է նախօրոք պլանավորածից։

Lockheed Martin ավիաշինական ընկերությունն արտադրում է հինգերորդ սերնդի F-35 կործանիչը 3 տարբերակով՝ ռազմածովային  ուժերի, ծովային հետևակի կորպուսի և ռազմաօդային ուժերի համար։ Ակնկալվում է, որ նոր կործանիչը կտրամադրվի զինված ուժերին 2016-ին։ Մեկ միավորի մոտավոր արժեքը 75 մլն ԱՄՆ դոլար է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *