Եգիպտոսում ավարտվել է 4 կորվետի գնման համար հայտարարված մրցույթը, որի արդյունքում նախապատվությունը տրվել է ֆրանսիական DCNS ընկերության արտադրած Gowind ռազմանավերին։ Կողմերի միջև կնքվելու է շուրջ 1.4 միլիարդ ամերիկյան դոլարի պայմանագիր։Նախատեսվում է, որ կորվետներից մեկը կառուցվելու է Ֆրանսիայում, իսկ մնացած երեքը Եգիպտոսում։ Այս մասին գրում է ֆրանսիական La Tribuneպարբերականը։
Կորվետ դասի ռազմանավերը նախատեսված են պարեկային և պահակային ծառայության, ինչպես նաև ծովային ռազմաբազաների՝ հակաօդային և հականավային պաշտպանության իրականացման համար։ Եգիպտոսի համար նախատեսված ֆրանսիական Gowind կորվետներն ունենալու են 2 400 տոննա ջրատարողոթյուն, իսկ սպառազինությունը համալրված է լինելու հականավային և հակաօդային պաշտպանության հրթիռային համալիրներով։
Ի սկզբանե, Եգիպտոսին ռազմանավերի մատակարարման համար պայքարում էին գերմանական ThyssenKrupp Marine Systems նավաշինական ընկերությունը МЕКО A200 նախագծի նավով և հոլանդական Damen Shipyards Group միավորումը, որն առաջարկում էր SIGMA դասի կորվետները։ Իսկ ահա ֆրանսիական ընկերության համար այս պայմանագրի կնքումը երկրորդ զգալի ձեռքբերումն է 2011-ին Մալայզիայի ռազմածովային ուժերի համար վեց միավոր Gowind դասի ռազմանավի մատակարարումից հետո։
Ֆրանսիական արտադրության Gowind դասի կորվետի անձնակազմը 106 հոգանոց է։ Այն կարող է զարգացնել 51 կմ/ժ առավելագույն արագություն և արշավային ռեժիմում գտնվել 21 օր անընդմեջ։ Սպառազինությունում ունի 30 մմ-անոց հրանոթներ, հականավային պայքարի համար նախատեսված տորպեդներ ու հրթիռներ: Պատվիրատուի ցանկությամբ կորվետը կարող է համալրվել նաև հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համալիրներով։