Ուկրաինան ներկայացրել է ԲՏՌ-4 զրահափոխադրիչի նոր տարբերակ

ԲՏՌ-4 զրահափոխադրիչի վրա Ուկրաինայում ավելացրել են լրացուցիչ զրահաշերտեր, որոնք մեքենան պիտի պաշտպանեն կումուլյատիվ արկերից։
Նոր արդիականացումն ու նրա կախովի զրահը նախագծել ու պատրաստել է Խարկովի՝ Մորոզովի անվան մեքենաշինության նախագծման բյուրոն, որ մտնում է ուկրաինական Ուկրօբորոնպրոմ պետական կոնցերնի մեջ։ Մեքենայի առաջին տարբերակն արդեն անցել է փորձարկումներն ու ստացել է ԲՏՌ-4Ե1 անվանումը։

Ուկրաինական ԲՏՌ-4Ե1 նոր զրահափոխադրիչը

Ուկրաինական ԲՏՌ-4Ե1 նոր զրահափոխադրիչը

Ըստ նախագծողների՝ կախովի զրահաթիթեղները կավելացնեն զրահափոխադրիչի անձնակազմի ու դեսանտի պաշտպանվածության մակարդակը։ Ընդ որում՝ լրացուցիչ զրահաթիթեղները հնարավոր կլինի ամրացնել նաև դաշտային պայմաններում մեքենայի անձնակազմի ուժերով։

ԲՏՌ-4 զրահափոխադրիչները, որոնք արտադրում է Ուկրաինան, նախատեսված են դեսանտի տեղափոխման, ինչպես նաև դեսանտայիններին կրակով աջակցելու համար։ Զրահափոխադրիչներն արտադրվում են 2008-ից, իսկ սպառազինության վերցվել են 2011-ին։ Ներկայումս 88 նման զրահափոխադրիչ առկա է նաև Իրաքի սպառազինության մեջ, սակայն Ուկրաինայի ու Իրաքի միջև կնքված պայմանագրից Իրաքը վերջերս հրաժարվեց՝ կիսատ թողնելով դրա կատարումը։ Իրաքն իր այս քայլը պատճառաբանեց նրանով, որ իրաքցի մասնագետները զրահափոխադրիչների վրա ճաքեր էին հայտնաբերել։

ԲՏՌ-4 զրահափոխադրիչները զինված են 30 մմ ակոսավոր թնդանոթով, 7,62 մմ գնդացրով, ինչպես նաև Բարյեր հակատանկային կառավարվող հրթիռներով ու 30 մմ ԱԳՍ-17 ավտոմատ նռնականետով։ Զրահափոխադրիչի անձնակազմը 3 հոգի է, կարող է տեղափոխել 7 դեսանտային։ Այն լողում է, ունի 500 ձիաուժանոց շարժիչ, որի միջոցով խճուղում զարգացնում է մինչև 110 կմ/ժ արագություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *