Աֆղանստանում նվազագույնը 5 աֆղան զինծառայող է սպանվել, 17-ը վիրավորվել ե, նախնական տեղեկության համաձայն, ՆԱՏՕ-ի ուժերի կողմից գործարկված օդային հարվածների հետևանքով։
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, միջադեպը գրանցվել է մարտի 6-ին արևելյան Լոգար նահանգում։
Նահանգապետի մամուլի խոսնակը հայտարարել է, որ իրականում շատ կասկածելի հանգամանքներ կան միջադեպի հետ կապված, հետաքննությունն ընթանում է, որևէ բան դեռևս հաստատապես պնդել չի կարելի։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն էլ իր հերթին խուսափել է մեկնաբանություններից՝ կոչ անելով սպասել հետաքննության ավարտին։
Այնուհանդերձ, նկատենք, որ ավելի վաղ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը խիստ քննադատության էր ենթարկել ՆԱՏՕ-ի զինվորականներին՝ մեղադրելով նրանց հակաահաբեկչական գործողությունների սխալ ծրագրման և իրականացման համար, որոնք հանգեցնում են անմեղ զոհերի։
Մյուս կողմից էլ կողմերի շահերից է բխում միմյանց հետ համագործակցելը, քանի որ Աֆղանստանն ունի անվտանգության ապահովման հարցում աջակցության կարիք, իսկ ՆԱՏՕ-ին էլ անհրաժեշտ է 2014-ի ավարտին խաղաղապահների դուրսբերումից հետո Աֆղանստանի տարածքում իրենց գործունեությունը շարունակող զինծառայողների իրավական համապատասխան կարգավիճակի հաստատում։