Իսրայելի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ջոկատի իրականացրած գործողության արդյունքում Կարմիր ծովում՝ Սուդանի ափերի մոտ, գրավվել է պանամական Klos C նավը, որի վրա հայտնաբերվել են 302 միլիմետրանոց տասնյակ հրթիռներ։ Այս մասին հաղորդում է սրայելական Haaretz լրատվակայքը։
Իսրայելի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ դրանք Սիրիայում արտադրված հրթիռներ են, որոնք Իրանն ուղարկում էր Գազայի հատված՝ պաղեստինցի զինյալներին։ Դեռևս հայտնի չէ, թե Իսրայելի ՊՆ-ն ինչի հիման վրա է անում այս պնդումները։ Նշենք միայն, որ ուժայինների օպերատիվ նկարահանման կադրերում պարզապես երևում են նավի վրա առկա ցեմենտի պարկեր՝ «արտադրված է Իրանում» մակագրությամբ։ Առաջիկա օրերին նախատեսվում է առգրավված նավը տեղափոխել Իսրայելի նավահանգիստներից մեկը, որտեղ կտարվի հետաքննություն։
Հավելենք, որ սա միակ դեպքը չէ, երբ Իսրայելի հատուկ ծառայությունները գրավում են նավ, որի վրա հայտնաբերվում է տարատեսակ զինամթերք։ 2011-ի մարտ ամսին Իսրայելից 200 կմ հեռավորության վրա այդ երկրի հատուկ ծառայությունները կասեցրեցին Վիկտորիա նավի հետագա նավարկումն այն բանից հետո, երբ դրա վրա հայտնաբերվեց մեծաքանակ զինամթերք։ Այդ անգամ ևս իսրայելական կողմը հայտարարեց, որ առգրավված զինամթերքը նախատեսված է պաղեստինյան Համաս խմբավորման համար։
Նմանօրինակ ևս մի դեպք գրանցվեց 2009-ին, երբ Ֆրանկոպ նավի վրա հայտնաբերվեց 500 տոննա զինամթերք։ Իսրայելի պնդմամբ, զինամթերքի այդ խմբաքանակն Իրանը փորձում էր մատակարարել լիբանանյան Հըզբոլլահ կազմակերպությանը։