Ավստրալական ռազմանավը, որից կառուցում են նաև Թուրքիայի համար, սկսել է փորձարկումները

2014 թվականի մարտի 3-ին Ուիլիամսթաունի նավահանգստից ծով է դուրս եկել Ավստրալիայի ռազմածովային ուժերի L 02 Canberra (Կանբերա) ունիվերսալ դեսանտային նավը՝ գործարանային ընթացային փորձարկումներ անցնելու համար։

Փորձարկումների առաջին փուլով ռազմանավը 12 օր է անցկացնելու ծովում, որից հետո խարիսխ է գցելու Սիդնեյում։ Ավելի ուշ այն նորից վերադառնալու է Ուիլիամսթաունում տեղակայված BAE Systems-ի նավաշինարան՝ հնարավոր թերացումներն ու անսարքությունները վերացնելու և փորձարկումները շարունակելու համար։

Canberra L 02. Ավստրալիայի ՌԾՈւ

Կանբերա ունիվերսալ դեսանտային նավի ստեղծման աշխատանքները սկսվել էին 2007 թվականին։ Ավստրալական կողմը պայմանագիր էր կնքել իսպանական Navantia ընկերության հետ՝ Իսպանիայի նավատորմի Juan Carlos I տիպի նավ կառուցելու համար։

Նշենք, որ 2013-ի դեկտեմբերին Թուրքիան պաշտոնապես հայտարարեց, որ Juan Carlos I տիպի ունիվերսալ դեսանտային նավ կառուցելու պայմանագիր է կնքել թուրքական SEDEF ընկերության հետ, որն էլ համագործակցելու է Navantia ընկերության հետ և թուրքական նավատորմի համար պատրաստելու է Juan Carlos I տիպի ունիվերսալ դեսանտային նավ։

Թուրքական նավատորմի համար ունիվերսալ դեսանտային նավի և նրան կից մի շարք այլ նավերի, ինչպես նաև զրահափոխադրիչների Havuzlu Çıkarma Gemisi (LPD) անունով ծրագիրը, որը մեկնարկել է 2006 թվականին, գնահատվում է շուրջ 2 մլրդ ամերիկյան դոլար։ Նախագծով թուրքական կողմը նախատեսում է ձեռք բերել մեկ ունիվերսալ դեսանտային նավ, այդ նավի համար նախատեսված LCM տիպի 4 տանկադեսանտային կատեր, LCVP տիպի 2 փոքր դեսանտային կատեր, ինչպես նաև 27 AAV թրթուռավոր զրահափոխադրիչներ։

Մրցույթին մասնակցում էին ADIK, Çelik Tekne, Dearsan Shipyard, Desan Shipyard, RMK Marine, SEDEF ընկերությունները և Ստամբուլի ռազմածովային նավաշինարանը:

2011-ի մայիսին հայտի դարձավ, որ մրցույթի հաջորդ փուլ են անցել SEDEF-ը, RMK Marine-ը, որն առաջարկում էր բրիտանական BMT-ի հետ մշակած սեփական նախագիծը և Desan Shipyard-ը, որն էլ առաջարկում էր հարավկորեական Hanjin Heavy Industries-ի հետ համատեղ Dokdo նավի հիմքի վրա ստեղծված նախագիծը: Դեկտեմբերին վերջնական հաղթող է ճանաչվել SEDEF-ի ու Navantia-ի նախագիծը: Երկրորդ հորիզոնականում Desan Shipyard-ի առաջարկած նախագիծն է:

Juan Carlos I. Իսպանիայի ՌՕՈւ

Իսպանական նավատորմի Juan Carlos I (L-61) դեսանտային նավի նախագծման և  կառուցման աշխատանքները Navantia ընկերությունը սկսել է 2003-ին, վերջնական շահագործման է հանձնել 2011 թվականին։ Անձնակազմը 250 մարդ է, կարող է տեղափոխել մինչև 1200 դեսանտային։ Ջրատարողությունը 27 հազար տոննա է, երկարությունը՝ 230 մետր, լայնությունը՝ 32 մետր։ Առավելագույն արագությունը 21 հանգույց է (39 կմ/ժ)։ Ռազմանավի մոտավոր արժեքն է 600 մլն ամերիկյան դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *