Ղրիմում ռուսների դիրքերի թուլացումից կշահի Թուրքիան. Կարեն Վրթանեսյան

Մարտի 4-ին «Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամում կայացավ ասուլիս՝ Ղրիմում վերջին զարգացումների և Հայաստանի հետ դրանց առնչությունների ու զուգահեռների թեմայով։

Թուրքագետ Գևորգ Պետրոսյան, «Ռազմինֆո» / Կարեն Վրթանեսյան, «Զորակն» հիմնադրամ

Թուրքագետ Գևորգ Պետրոսյան, «Ռազմինֆո» / Կարեն Վրթանեսյան, «Զորակն» հիմնադրամ

Բանախոսները՝ թուրքագետ Գևորգ Պետրոսյանը և «Զորակն» ռազմաքաղաքական դպրոցի կազմակերպիչ Կարեն Վրթանեսյանը, շեշտեցին, որ Ռուսաստանի՝ Ղրիմը կորցնելու դեպքում տարածաշրջանում ստեղծվելու է այնպիսի իրավիճակ, ինչը թույլ կտա Թուրքիային զբաղեցնելու առաջատարի դիրքերը։ Նույնիսկ ներկա իրավիճակում էր Սև ծովում ռուսական և թուրքական ռազմածովային ուժերի բալանսը բավականին փխրուն է, քանի որ թուրքական կողմն ունի ժամանակակից ռազմանավեր, ՌԴ-ն՝ 6 հազար տոննա ջրատարողությամբ նավեր, սակայն զիջում է Թուրքիային սուզանավերի թվով։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի դեպքերից մեզ համար օգտակար դասերին, Վրթանեսյանն ընդգծեց. «Ուկրաինական բանակում անհասկանալի իրավիճակ է, զինվորների ու հրամանատարների համար պարզ չէ՝ ում հրամանին ենթարկվեն, բացի այդ ուկրաինական զինուժում զգալի թիվ են կազմում ռուս կամ ռուսախոս սպաները, որոնք դժվար թե կռվեն ՌԴ զինծառայողների դեմ։ Եվ թերևս ամենակարևորը՝ այնպիսի տպավորություն է, որ տարիներ շարունակ որևէ մեկը լրջորեն չի զբաղվել ուկրաինական բանակով, այն թե´ տեխնիկապես, թե´ մարդկային ներուժի տեսանկյունից պատրաստ չէ պատերազմի։ Ուկրաինան զինակոչ հայտարարեց, որին գրեթե արձագանք չեղավ, այս երկիրը փաստացիորեն չունի ռազմական մոբիլիզացիոն ռեզերվ։ Եվ այս վիճակում նույնիսկ պարզ չէ՝ արդյոք Արևմուտքը ռուսների հավանական հարձակման դեպքում որևէ աջակցություն ցույց կտա։ Ուստի մենք պետք է գիտակցենք՝ անգամ ամենախաղաղ տարածաշրջանում նման կտրուկ զարգացումներ հնարավոր են, առավել ևս խաղաղության տեսանկյունից աչքի չընկնող մեր տարածաշրջանում։

Դրա համար էլ մենք մեր զինված ուժերը պետք է միշտ մարտունակ պահենք՝ հույսներս դնելով սեփական զինուժի հնարավորությունների վրա»։
Վրթանեսյանը, վերադառնալով Ղրիմի թեմային, նկատեց՝ ռուսական կողմն ունի կարևոր մի խաղաքարտ՝ Սևաստոպոլի խոշոր ռազմակայանը։ Ռուսները փորձում եմ կատարելագործել Նովոռոսիյսկի ռազմակայանը, շինարարական աշխատանքներ են ծավալում, բայց միևնույն է, Սևաստոպոլի կարևությանը այն դեռևս չի կարող հասնել, կատարելագործման աշխատանքները 2020-ից շուտ չեն ավարտվի։

Թուրքագետ Գևորգ Պետրոսյանն էլ կարևորեց այն հանգամանքը, որ Ղրիմը դարեր շարունակ կռվախնձոր է եղել Օսմանյան կայսրության և Ռուսաստանի համար։ 1783-ին Ղրիմը վերջնականապես ընդգրկվել է Ռուսաստանի կազմում, սակայն դրան նախորդել է մի պայմանագիր՝ համաձայն որի Ղրիմի անկախանալու դեպքում այն ներառվում է Օսմանյան կայսրության կազմում։ Հետաքրքիր է, որ թուրքերն իրենք են խախտել պայմանագիրը՝ մի քանի անգամ հարձակվելով Ղրիմի վրա։

Թուրքիան կրկին սկսեց շահարկել Ղրիմը 1991-1992 թթ։ Շահարկումները շարունակվում են և նոր թափ են ստացել մեր օրերում։ Թուրքիայի պետական քարոզչությունն ու մեդիադաշտը Ղրիմի շուրջ 250 հազար թաթարներին ներկայացնում են որպես ցեղակիցներ։ Պաշտոնական Անկարան լուրջ քայլեր է ձեռնարկում, որոնցից մեկն էլ արտգործնախարար Դավութօղլուի այցելությունն էր և հանդիպումը Ղրիմի թաթարների առաջնորդի հետ, բացի այդ էլ Թուրքիան արդեն հանդես է եկել մի շարք հայտարարություններով՝ կոչ անելով պահպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Ռուսներն էլ իրենց հերթին օգտագործում են Ղրիմի շուրջ 60 տոկոս կազմող ռուս բնակչությանը, ինչը բնական է ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պայմաններում։
Եզրափակելով խոսքը՝ բանախոսները կարևորեցին այն հանգամանքը, որ Ռուսաստանի համար իրականում ավելի շահավետ է Ղրիմը լինի Ուկրաինայի կազմում՝ որպես լծակ հարկ եղած օգտագործելու համար, բայց ՌԴ-ն չի կարող իրեն թույլ տալ ռազմավարական չափազանց կարևոր դիրք ունեցող Ղրիմում ազդեցությունը զիջել Թուրքիային։

Բանախոսներն այնուհանդերձ տեղին չհամարեցին Արցախի և Ղրիմի միջև զուգահեռների անցկացումը` կոչ անելով հայկական զինուժի ռազմատեխնիկական ապահովումն ու մարտունակության բարձրացումը պահել ուշադրության կենտրոնում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *