Հունվարի 28-ին Ադրբեջանի սահմանն անցել ու գերի էր ընկել Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ, հոգեկան խանգարումներ ունեցող Մամիկոն Խոջոյանը։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատել է լուրերը, որ Խոջոյանին այսօրվա ընթացքում հանձնելու են հայկական կողմին։
Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ ևս՝ Ադրբեջանի Գերիների ու պատանդների, անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Շահին Սաիլովը հայտարարել է՝ Մամիկոն Խոջոյանին ազատ են արձակելու, նրան կհանձնեն հայկական կողմին մարտի 4-ին։
Հիշեցնենք, որ դեռևս հունվարի 31-ին ադրբեջանական Anspress լրատվակայքի հետ զրույցում ադրբեջանցի ռազմական լրագրող Ռահիբ Գարիբը ասել էր՝ հնարավոր է Խոջոյանին ծեծել են Ադրբեջանում, լուրը հաստատել էր նաև ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը։
Ուզեիր Ջաֆարովը ծեծի մեթոդներն անվանել է «հնացած տեխնոլոգիաներ»՝ հավելելով, որ անհրաժեշտ է փոխել Ադրբեջանի մոտեցումները։
Հավելենք, որ հունվարի 28-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր՝ իբր Տավուշից Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղ է անցել «հայ զինված դիվերսանտ», ՀՀ ՊՆ-ն հերքել էր այս տեղեկությունը։
Ռազմինֆոյին հաջողվել էր պարզել, որ սահմանն անցածն իրականում 77-ամյա Մամիկոն Տիգրանի Խոջոյանն է. նա հունվարի 28-ին դուրս էր եկել գյուղից անհայտ ուղղությամբ։
[թարմացում] ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին Ռազմինֆոյի հետ զրույցում մանրամասնեց, որ Մամիկոն Խոջոյանն արդեն Հայաստանի տարածքում է, նա հայաստանյան իշխանությունների խնամքին է հանձնվել ադրբեջանական Ղազախի շրջանի և հայկական Իջևանի միջև անցնող ճանապարհին՝ սահմանի վրա։ Ռազմինֆոն կապ հաստատեց նաև Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանի հետ։ Վերջինս նշեց, որ ԿԽՄԿ-ից իրենց տեղեկացրել են արտահանձնման կայացած փաստի մասին, Մամիկոնին գյուղում սպասում են երեկոյան 19։00-ի սահմաններում։
Pingback: Ադրբեջանում պահվող գերի Մամիկոն Խոջոյանին այսօր հանձնելու են հայկական կողմին | Podcast.am
Pingback: Ադրբեջանում պահվող գերի Մամիկոն Խոջոյանին այսօր հանձնելու են հայկական կողմին | Nyut.am