Հարավաֆրիկյան Հանրապետությունն ավարտել է իր նոր անօդաչուի առաջին փորձարկումները

Շուրջ 3 տարվա աշխատանքներից հետո Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) Denel Dynamics ընկերությունը հայտարարել է նոր Seeker 400 անօդաչու թռչող սարքի թռիչքային փորձարկումների առաջին փուլի ավարտի մասին։

Ինչպես հաղորդում է «Ջեյնս» ռազմական վերլուծական հանդեսը, փորձարկման փուլն ավատվել է 2014-ի փետրվարի սկզբին։ Ընդ որում, համաձայն աղբյուրի՝ մարտին ծրագրված փորձարկումների երկրորդ փուլի հաջող ավարտից հետո ընկերությունը պատրաստակամություն է հայտնել վերջապես անցնել ԱԹՍ-ի սերիական արտադրությանը, որն էլ նախատեսված է 2014-ի առաջին կեսին։
Հիշեցնենք, որ դեռևս 2010-ին Denel Dynamics-ը ներկայացրել էր Seeker 400-ի սպառազինված տարբերակի նախատիպը, որն իր թևերի ստորին կախոցներում կրում էր երկու կառավարվող հրթիռներ։
2011-ի օգոստոսի վերջին հայտնի էր դարձել՝ Denel Dynamics-ն ավարտել է Seeker 400 ԱԹՍ-ի նոր նախատիպի ստեղծումը։ Այդ ժամանակ ծրագրվում էր, որ ԱԹՍ-ն առաջին թռիչքը կկատարի 2012-ի սկզբին, իսկ սերիական արտադրությունը կմեկնարկի 2012-ի վերջին, սակայն փորձարկումները, ինչպես տեսնում ենք, հետաձգվեցին։
Համաձայն հարավաֆրիկյան աղբյուրների՝ Seeker 400-ն իր նախորդ մոդելներից՝ Seeker I и Seeker II ԱԹՍ-ներից տարբերվում է կրկնակի մեծ բեռնատարողությամբ, թռիչքի 16 ժամ տևողությամբ, մինչև 750 կմ հասցված ազդեցության հեռավորությամբ։
Seeker 400-ի երկարությունը 5.77 մ է, բարձրությունը՝ 1.85 մ, թևի բացվածքը՝ 10 մ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 200 կգ, առավելագույն արագությունը՝ 220 կմ/ժ, շարժիչը՝ 85 ձիաուժ հզորությամբ, աշխատում է բենզինով։
Հարկ է նշել, որ ԱԹՍ-ի ազդեցության հեռավորությունը հնարավոր է մեծացնել՝ շնորհիվ արբանյակային ալիքների միջոցով կառավարմանը։ Նախատեսված է հետախուզության, շրջադիտման, հրետանու կրակի կառավարման, վերգետնյա ռադիոռելեյական կապի համար։ Արձակվում է թռիչքուղու վրա արագացուցիչի միջոցով, ունի պահեստային պարաշյուտ։
2011-ին Denel Dynamics-ը հայտարարել էր, որ նոր ԱԹՍ- ն արդեն ունի 3 պատվիրատուներ, սակայն չէր հրապարակել, թե որ պետությունից են նրանք։ Նկատենք, որ 2013- ապրիլի սկզբին լուրեր էին տարածվել, որ ՀԱՀ-ն Սաուդյան Արաբիային կվաճառի Seeker-400 ԱԹՍ-ներ, ուստի չի բացառվում՝ պատվիրատուներից մեկը հենց Սաուդյան Արաբիան է։
Հավելենք, որ ներկայումս Seeker I ու Seeker II ԱԹՍ-ները կիրառվում են Ալժիրում զինյալների և թմրաբիզնեսի դեմ պայքարում։
Հետաքրքիր է , որ Dubai Airshow 2013-ի ժամանակ KOBUS NAVAL DESIGN ԱՄԷ-ի և ՀԱՀ-ի համատեղ ընկերությունը ներկայացրել էր VARS-I ինքնաթիռատիպ ԱԹՍ-ն, որն իր արտաքին տեսքով հիշեցնում էր Seeker ընտանիքի անօդաչուները։ Եվ դա պատահական չէ, քանի որ Seeker-ներով հետաքրքրված երկրների շարքում է նաև ԱՄԷ-ն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *