Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը ստանձնել է Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը։
Համաձայն Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքի հաղորդագրությանը՝ Տուրչինովը փաստացիորեն ինքն իրեն է նշանակել հրամանար։ «Համապատասխան Ուկրաինայի սահմանադրության 106-րդ և 112-րդ հոդվածների՝ ստանձնում եմ Ուկրաինայի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի իրավասությունները»,-շեշտված է հաղորդագրության տեքստում։
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Գերագույն Ռադան որոշում էր ընդունել նախագահ Վիկտոր Յանուկովիչին պաշտոնանկ անելու վերաբերյալ՝ վաղաժամ ընտրություններ նշանակելով 2014-ի մայիսի 25-ին։ Այս որոշման օգտին են քվեարկել 328 պատգամավորներ։
Նկատենք, որ Յանուկովիչը հեռացել է անհայտ ուղղությամբ, սակայն դեռևս փետրվարի 20-ին Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել էր վաղաժամ ընտրության ժամկետ սահմանելու իր պատրաստակամության մասին։
Նշենք, որ ըստ Ուկրաինայի Սահմանադրության, որն ուժի մեջ է մտել փետրվարի 23-ին, Գերագույն Ռադայի խոսնակն իրավասու է ժամանակավոր զբաղեցնել երկրի ղեկավարի պաշտոնը մինչև նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումը։
Հավելենք, որ Ալեքսանդր Տուրչինը Գերագույն Ռադայում պատգամավոր է եղել 1998-2007-ը, 2005-ի փետրվարից սեպտեմբերը պաշտոնավարել է որպես Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 2007-ի նոյեմբերից մայիսն էլ՝ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի տեղակալ։
2013-ի դեկտեմբերի 20-ին նրա դեմ քրեական գործ է հարուցվել պետական հեղաշրջում կազմակերպելու և կոչեր անելու հոդվածով։ 2014-ի փետրվարի 22-ից Կիևի Մայդանի արյունալի դեպքերից հետո դարձել է Գերագույն Ռադային խոսնակ։