Իրանի գեներալ Հոլամրեզա Ջալալին փետրվարի 25-ին հայտարարել է, որ իրանական կողմը հանգամանալից հետազոտություն է կատարել 2006-ին Լիբանանի հետ պատերազմում Իսրայելի օդուժի գործողությունների առնչությամբ։ Հետազոտությունը նպատակային է եղել, քանի որ դրան հաջորդել են Իրանի կողմից պաշտպանական կառույցներում որոշակի փոփոխություններ։
Ինչպես հաղորդում է AP լրատվական գործակալությունը, գեներալի խոսքերով՝ Իրանի մասնագետները Լիբանանում իսրայելական ավիահարվածների պատճառով ավերված կառույցների ավելի քան 5 հազար լուսանկարներ են արել, ապա հետազոտել և համեմատել են դրանք։
Արված եզրակացությունների հիման վրա Իրանի զինուժին պատկանող կարևոր ռազմական օբյեկտներ որոշակի վերակառուցման են ենթարկվել, ինչն էլ, ըստ գեներալի, թույլ է տվել «էլ ավելի ամրացնել Իրանի պաշտպանական կառույցները և ենթակառուցվածքները»։
Գեներալը շեշտել է, որ հետազոտության տվյալները հանգեցրել են նաև մի շարք օբյեկտների պահպանության ռազմավարության փոփոխությանն իսրայելական հավանական հարձակման դեպքում, օբյեկտների մի մասը վերգետնյայից դարձրել են ստորգետնյա, բացի այդ էլ Իրանի տարածքում ավելացրել են ռազմավարական նշանակության օբյեկտների ընդհանուր թիվը։
Նկատենք, որ Իսրայելի պաշտոնական ու ոչ պաշտոնական աղբյուրները բազմիցս սպառնացել են Իրանին միջուկային ծրագրից չհրաժարվելու դեպքում նախահարձակ լինել՝ այդ թվում ավիահարված հասցնելով ռազմավարական օբյեկտներին։
Հավելենք, նաև, որ 2006-ին պատերազմող կողմերն էին Իսրայելն ու շիական «Հըզբոլլահ» շարժումը։ Մարտական գործողությունները տևեցին 34 օր՝ 2006-ի հուլիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում։ Չնայած որ «Հըզբոլլահի» անդամները հիմնականում գործում էին Իսրայելի և Լիբանանի սահմանին, այնուհանդերձ իսրայելական կողմն օդից ռմբակոծում էր ողջ Լիբանանի տարածքը։