Հնդկաստանյան Tata Motors ընկերությունը նոր անվավոր զրահապատ մեքենա է նախագծել, որը նախատեսում է վաճառել Հնդկաստանի զինված ուժերին։ Նոր զրահափոխադրիչները պիտի փոխարինեն Հնդկաստանի սպառազինության ԲՄՊ-1 ու ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներին։
Ընկերությունը դրանք տրամադրելու հնարավորություն կստանա այն դեպքում, եթե Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտնի զրահափոխադրիչների գնման մրցույթի վերսկսման մասին, որը ժամանակավորապես կասեցրել է։
Թեև զրահափոխադրիչի արտաքին տեսքը դեռ չի բացահայտվում, բայց հայտնի է, որ այն ունի 22,5 տոննա զանգված ու 600 ձիաուժ հզորությամբ շարժիչ։ Զինված է հակատանկային կառավարվող հրթիռներով, ինչպես նաև 12,7 մմ գնդացրով։ Զրահափոխադրիչի վրա տեղադրված է նաև հեռակառավարվող մարտական հանգույց՝ միջին տրամաչափի սպառազինության համար։ Ներկայումս նախագծման փուլում է նաև զրահափոխադրիչի թրթուռավոր ընթացամասով տարբերակը։
Ըստ Հնդկաստանի զինված ուժերի ներկայացուցիչների՝ նոր զրահամեքենան իր տվյալներով համապատասխանում է մրցույթի պահանջներին, որոնց համաձայն՝ զրահափոխադրիչը պիտի ունենա 20 տոննա զանգված, 25 ձիաուժ/տոննա տեսակարար հզորություն, ինչպես նաև կարողանա լողալ։
Հնդկաստանյան ընկերությանը WHAP (Wheeled Armoured Platform) զրահափոխադրիչը նախագծելու գործում օգնել են Lockheed Martin ու General Dynamics ընկերությունները, որոնք հանդես են գալիս որպես գործընկերներ։ Պատճառներից մեկն այն է, որ նշված ընկերությունները չէին կարող ինքնուրույն առաջարկներ անել Հնդկաստանի պաշտպանության նախարարությանը, քանի որ զրահափոխադրիչների գնման մրցույթի պայմաններից մեկն այն է, որ Հնդկաստանը զրահափոխադրիչներ գնելու է միայն հնդկաստանյան արտադրողներից։
Մրցույթը կասեցնելու պատճառը նրա՝ մոտ 3 տարի ձգձգվելն էր։ Չնայած դրան՝ հնդկական զինված ուժերն ունեն զրահափոխադրիչների կարիք։ Ըստ պաշտպանության նախարարության՝ սպառազինության մեջ առկա 1400 ԲՄՊ-1 ու ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաների փոխարինման համար անհրաժեշտ է մոտ 2600 զրահափոխադրիչ։ Այս քանակի տեխնիկայի համար Հնդկաստանը նախատեսում էր տրամադրել շուրջ 10 մլրդ ԱՄՆ դոլար։
Միաժամանակ Հնդկաստանը նախատեսում էր 80 տոկոսի չափով ֆինանսավորել նոր զրահամեքենաների նախագծումը։ Սեփական արտադրողներին օժանդակելու համար Հնդկաստանը մերժեց նաև Ռուսաստանի առաջարկը, որով ռուսական կողմը պատրաստ էր վաճառել ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ ու նաև տրամադրել դրանց արտադրության տեխնոլոգիան։