Գերմանիան կարող է տուգանվել Eurofighter Typhoon կործանիչներից հրաժարվելու համար

Եվրոպական ավիաշինական Airbus կոնցերնը մտադիր է Գերմանիայի իշխանություններից պահանջել 800-900 մլն եվրո գումարի (1 մլրդ-1 մլրդ 224   մլն ԱՄՆ դոլար) գումարի չափով փոխհատուցում  Typhoon կործանիչների վերջին խմբաքանակից հրաժարվելու դիմաց։

Eurofighter EF-2000 Typhoon կործանիչ, Գերմանիայի ՌՕՈւ

Eurofighter EF-2000 Typhoon կործանիչ, Գերմանիայի ՌՕՈւ

Ինչպես հաղորդում է գերմանական Handelsblatt պարբերականը, Գերմանիայի պաշտպանության նախարարությունն այս պահի դրությամբ դեռևս չի հաստատել փոխհատուցման չափն ընդունելու հանգամանքը։
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Գերմանիայի ՊՆ-ն պաշտոնապես հրաժարվել էր  Eurofighter Typhoon կործանիչի 3B սերիայի վերջին խմբաքանակի՝ 37 միավորի գնումից, որոնց ընդհանուր արժեքը 4.8 մլրդ ԱՄՆ դոլար էր։ Որպես հիմնական շարժառիթ հիշատակվում է պետության պաշտպանական գերատեսչությանը բաժին ընկնող ծախսերի կրճատումը։
Նկատենք, որ ի սկզբանե Գերմանիան նախատեսել էր սպառազինվել 180 միավոր Typhoon-ներով։ Ներկա դրությամբ երկիրն ունի 107 միավոր այդպիսի կործանիչ, ակնկալվում է ևս 36 միավորի ստացումը, բայց չի հստակեցվում, թե երբ։
Այնուհանդերձ, Գերմանիան պաշտոնապես հայտարարել էր Typhoon կործանիչների առաջիկա գնումներից հրաժարվելու մասին դեռևս 2011-ի հոկտեմբերին։ Կասեցման նախաձեռնությունը Գերմանիայի պաշտպանության նախարար Թոմաս դե Մեզիերինն է։ Նա պնդում է, որ առնվազն 2-3 տարի ՊՆ-ն պետք է սպառազինության գնման ծախսերը կրճատի տարեկան նվազագույնը 3.5-4 մլրդ ԱՄՆ դոլարով։
Eurofighter Typhoon-ը բազմանպատակային կործանիչ է, ստեղծվել է 1986-ին, առաջին թռիչքը կատարել է 1994-ին, շահագործման է հանձնվել 2003-ին։ Շահագործվում է հիմնականում Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Սաուդյան Արաբիայի  ռազմաօդային ուժերում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *