Նիդեռլանդներն իջեցված գնով սպառազինություն է վաճառում Հորդանանին

2013-ին սպառազինությունից հանած 35 մմ Gepard ինքնագնաց զենիթային համալիրները Նիդեռլանդները պատրաստվում է վաճառել Հորդանանին։ 60 միավոր համալիրների համար նիդեռլանդական կողմը նախատեսում է ստանալ ընդամենը 28 մլն ամերիկյան դոլար։
Ինքնագնաց զենիթային համալիրների հետ Նիդեռլանդները նախատեսում է Հորդանանի զինված ուժերին տրամադրել նաև համալիրների հրանոթների 350 հազար արկ, 40 միավոր L-70 քարշակվող զենիթային հրանոթային համակարգեր, 11 ռադիոտեղորոշման կայաններ, Leopard-1տանկի հիմքով ստեղծված 6 միավոր զրահապատ ինժեներական մեքենաներ ու 14 լրացուցիչ շասսիներ։

Gepard ինքնագնաց զենիթային համալիրը

Gepard ինքնագնաց զենիթային համալիրը

Նիդեռլանդական կողմը պարտավորվում է նաև սպառազինությունը բերել աշխատանքային վիճակի, ինչպես նաև պատրաստել Հորդանանի զինված ուժերի անձնակազմը սպառազինության կիրառմանը։

Սպառազինության տրամադրումը Նիդերլանդները նախատեսում է իրականացնել 2014-2016 թվականներին։

95 միավոր Gepard ինքնագնաց զենիթային համալիրներ Նիդեռլանդների զինված ուժերը սպառազինության է ընդունել դեռևս 1973-1978 թվականներին, ընդ որում ընդունվելուց հետո դրանք անցել են արդիականացման փուլ։ Իսկ 2006-ից սկսած դրանք աստիճանաբար հանել է սպառազինությունից, որովհետև հակաօդային պաշտպանության զորքերը անցել են հրթիռային սպառազինության։

Gepard ինքնագնաց զենիթային համալիրը նախագծվել է դեռևս 1966-ին Leopard-1 գերմանական տանկի հիման վրա։ Համալիրը զինված է 2 հատ զենիթային 35 մմ-անոց ակոսավոր ավտոմատ հրանոթներով, ինչպես նաև 7,62 մմ գնդացրով։ Կարող է կրակել 0,1-ից 4 կմ հեռավորության վրա՝ մինչև 3 կմ բարձրության վրա ու մինչև 350-400 կմ/ժ արագությամբ շարժվող թիրախների վրա, ինչպես նաև մինչև 4,5 կմ հեռավորությամբ ստատիկ թիրախների վրա։ Համալիրի զանգվածը 47 տոննա է, անձնակազմը՝ 3 հոգի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *