Սաուդյան Արաբիան վերակնքել է Typhoon կործանիչների գնման պայմանագիրը

Արաբական պետությունն ու բրիտանական BAE systems ընկերությունը պայմանավորվել են նախկինում իրենց կնքած պայմանագրի պայմանները փոփոխելու համար։

Նոր պայմանագրով՝ Սաուդյան Արաբիան Typhoon կործանիչների համար պարտավորվել է տրամադրել ավելի բարձր գին, իսկ բրիտանական արտադրողը պարտավորվել է տրամադրել ոչ թե բազային մոդելներ, այլ Tranche 3 արդիականացումներ։

Պայմանագրի վերակնքման նախաձեռնողը եղել է արաբական կողմը, որը ցանկացել է ստանալ 24 միավոր Tranche 3 արդիականացումներ։ Պայմանագրի վերակնքման բանակցությունները տևելեն 2 տարի։ Ձգձգման պատճառը գնի շուրջ անհամաձայնությունն էր, որն արդեն հարթվել է։

Ներկայում նախատեսված է, որ արաբական պետությունը գումարը կփոխանցի մինչև 2014-ի կեսերը։ Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան բրիտանական BAE systems ընկերությունից 72 միավոր Eurofighter EF-2000 Typhoon կործանիչներ գնելու պայմանագիրը ստորագրել է դեռևս 2007-ին։

Պայմանագրի գինը սկզբում կազմումէր 8,9 մլրդ ամերիկյան դոլար։ Պայմանագրով նախատեսված էր, որ կործանիչների մի մասը հավաքելու են Սաուդյան Արաբիայի գործարաններում։ Սակայն 2013-ին, երբ ինքնաթիռների մի մասը բրիտանական ընկերությունն արդեն տրամադրել էր, Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ երկու կողմերը որոշեցին, որ մնացյալ ինքնաթիռները նույնպես արտադրեն Միացյալ Թագավորությունում։

Eurofighter EF-2000 Typhoon-ը բազմանպատակային կործանիչ է, ստեղծվել է 1986-ին, առաջին թռիչքը կատարել է 1994-ին, շահագործման է հանձնվել 2003-ին։ Շահագործում են հիմնականում Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Սաուդյան Արաբիայի  ռազմաօդային ուժերը։

Ինքնաթիռի երկարությունը 15,96 մ է, բարձրությունը՝ 5,28 մ, զանգվածը՝ 11 տոննա, թևի բացվածքը՝ 10,95 մ, առավելագույն արագությունը՝շուրջ 2500 կմ/ժ, կրում է ավելի քան 6,5 տոննա զանգվածով սպառազինություն՝ թնդանոթներ, «օդ-օդ», «օդ-մակերևույթ» դասի հրթիռներ, ռումբեր, ունի նշանառության լազերային համակարգ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *