Հերթական տեսագրությունը՝ Սիրիայում սպանված 27 ադրբեջանցիների մասին

Օրերս համացանցում տարածվել է հերթական տեսագրությունը. դրանում իրականում մեկտեղված են սոցցանցերում տարբեր ժամանակներում հրապարակված, Սիրիայում սպանված ադրբեջանցի զինյալների լուսանկարները և արձանագրված են նրանց մականունները։

Համաձայն ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության տվյալների՝ տեսագրությունում խոսվում է սպանված 27 ադրբեջանցու մասին, ովքեր, ամենայն հավանականությամբ, անդամակցել են Սիրիայում Բաշար Ասադի կողմնակիցների դեմ մարտնչող ծայրահեղ իսլամիստական խմբավորումներին։

Ըստ ԱՊԱ-ի՝ տեսագրությունում ներկայացված են միայն Սիրիայի Շամ գավառում սպանված ադրբեջանցիները։

Նկատենք, որ Սիրիայում ադրբեջանցի զինյալների կռվելու վերաբերյալ լուրերը սկսել են մեծ թիվ կազմել ադրբեջանական մամուլում 2013-ի վերջից։ Ընդ որում, մինչ օրս անհայտ են դրանց սկզբնաղբյուրները։

Այնուհանդերձ, հաստատապես կարող ենք ասել՝ զինյալներից մի քանիսի դիակների լուսանկարները սոցցանցային էջերում տարածվել էին շատ ավելի վաղ, քան դրանց մասին սկսել են հաղորդել ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի պատկան մարմինները, մասնավորապես՝ արտգործնախարարությունը, մինչ օրս հստակ վիճակագրություն այս հարցում չեն ներկայացրել, բայց գործընթացը կասեցված չէ, քանի որ լուծված չեն Սիրիա մեկնելուն նպաստող դրդապատճառները՝ սոցիալական կարիքը, ծայրահեղ իսլամիստական գաղափարների տարածումը, Սիրիա մեկնող ադրբեջանցիների թեմայի առժամանակ անտեսումն Ադրբեջանի պատկան մարմինների կողմից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *