Ռուսաստանը կշարունակի Մի-17 ուղղաթիռներ մատակարարել Աֆղանստանին

Աֆղանստանը կշարունակի Ռուսաստանից ստանալ Մի-17 բեռնատար ուղղաթիռները, ինչի վերաբերյալ համապատասխան պայմանավորվածությունը Մոսկվայի և Քաբուլի միջև արդեն ձեռք է բերվել։ Այս մասին ԻՏԱՐ-ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի Աֆղանստանի գծով ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը։

ԱՄՆ ԶՈւ զինծառայողներն ապահովում են Մի-17 ուղղաթիռի անվտանգ վայրէջքն Աֆղանստանում

ԱՄՆ ԶՈւ զինծառայողներն ապահովում են Մի-17 ուղղաթիռի անվտանգ վայրէջքն Աֆղանստանում

Վերջին երկու տարիներին Ռուսաստանն Աֆղանստանին է փոխանցել 33 միավոր Մի-17Վ-5 (ռուս.՝ Ми-17В-5) բեռնատար ուղղաթիռներ։ Մատակարարումներն իրականացվել են Ռոսոբորոնէքսպորտ ընկերության և ԱՄՆ պաշտպանության նախարարության միջև կնքված պայմանագրի շրջանակներում։ ԱՄՆ կառավարությունը նպատակահարմար է գտել ուղղաթիռներ գնել Ռուսաստանից, քանի որ Աֆղանստանի ռազմական օդաչուները վաղուց ընտելացած են այս տեխնիկային և անձնակազմի լրացուցիչ վերապատրաստման կարիք չկա։

2013-ին կողմերի միջև կնքվեց նոր պայմանագիր, որը ենթադրում էր լրացուցիչ 30 միավոր Մի-17Վ-5-ի մատակարարում։ Նոր խմբաքանակի ուղղաթիռներից երեքն արդեն փոխանցվել են պատվիրատուին։ Պատվերի ավարտի ժամկետների մասին ոչինչ չի նշվում։

Նշենք, որ 2013-ին սիրիական ճգնաժամն իր բացասական հետևանքը թողեց նաև Մի-17Վ-5 ուղղաթիռների մատակարարման շուրջ ձեռք բերված պայմանավորվածության վրա։ ԱՄՆ կառավարությունը հայտարարեց, որ չի պատրաստվում ուղղաթիռներ գնել մի պետությունից, որն աջակցում է Ասադի հանցավոր ռեժիմին։ Սակայն ինչպես ցույց են տալիս հետագա զարգացումները, ԱՄՆ-ին այդուամենայնիվ ձեռնտու է գնել հենց Մի-17Վ-5 ուղղաթիռները, իսկ վերջիններիս այլ մատակարար միջազգային շուկայում ներկայումս չկա։

Հավելենք, որ Մի-17Վ-5-ը խորհրդային հանրահայտ Մի-8 (ռուս.՝ Ми-8) բեռնատար ուղղաթիռի՝ արտահանման համար նախատեսված Մի-17-ի արդիականացված տարբերակն է։ Արդիականացման արդյունքում ավելացել է ուղղաթիռի բեռնատարողությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *