Հովհաննես պապն արդեն երկու աղջիկ ուներ, տղայի էին սպասում։ 1964 թվականի փետրվարի 19-ին Սիրիայում ծնվեց մի տղա, Հովհաննես պապի առաջին տղան, անունը` Կարոտ։ Նույն ինքը` Կարոտ Մկրտչյանը։
«Եղբայրս որոշեց, որ տղայիս անունը Կարոտ պիտի լինի։ Մեզ մոտ այդպես է ընդունված, եթե եղբայրը մի բան է ասում, մենք չենք հակաճառում: Այդ անունը ես չեմ էլ լսել ուրիշների մոտ։ Չնայած ես ուզում էի տղայիս անունը Ժիրո դնել»,- պատմում է Կարոտ Մկրտչյանի հայրը՝ Հովհաննես Մկրտչյանը։
1.5 տարեկան Կարոտին շուտով Հայաստան են բերում։ Ողջ ընտանիքը որոշում է բնակություն հաստատել Հայրենիքում։
«Գիտեք՝ իմ և տղայիս պատմությունը կրկնվում է։ 1.5 տարեկանում էլ իմ հայրն է ինձ վերցրել ու Տիգրանակերտից գաղթել Սիրիա։ Մենք նույն պատմությունն ունենք։ Մարդ առանց ծնողի բանի պետք չէ, մարդու ծնողն էլ մայր հայրենիքն է։ Մենք առանց մեր հայրենիքի չէինք կարող լինել։ Մենք մեր պապական հողերի վրա իրար սատար չկանգնեցինք, դրա համար էլ թուրքը մեզ կոտորեց»,- շարունակում է Հովհաննես պապը։
Ընտանիքը Սիրիայից գալիս ու հաստատվում է Պռոշյան ավանում։
«Կարոտը ժամերով նստում ու բան չէր խոսում։ Կնոջս ասացի ուշադիր եղիր՝ կամ տաղանդ է, կամ ինչ-որ թերություն ունի։ Ասացի ու մի քանի օրով տեղ գնացի։ Եկա, դարպասների արանքում կինս էր կանգնած, ժպտում էր։ Զգացի, որ տղաս տաղանդ է»,- Կարոտի մանկության մասին հիշում է նրա հայրը։
Տարիներ անց Հայաստանում արդեն շարժումն էր սկսվել։ Պռոշյանում հավաքվում են ու որոշում ջոկատ կազմել պաշտպանական կռիվներին մասնակցելու համար։
«1989 թվականին Պռոշյանից հավաքվեցինք 5 հոգի։ Գնացինք Հադրութի շրջան։ Այդտեղ ամիս ու կես մնացինք։ Երկու հոգի գնաց Քյուրաթաղ, երեք հոգի էլ Ուխտաձոր։ Երբ հետ եկանք, Նոյեմբերյան գնալու կարիք կար։ 1990-ին գնացինք Նոյեմբերյան, Մովսես գյուղ։ Այդ ժամանակ ՀՀՇ-ն էր ղեկավարում, մեզ ուղարկեց նաև Ոսկեպար, Բաղանիս։ Այնտեղից հետ եկանք ու սկսեցինք համագործակցել Դանակցության կուսակցության հետ։ Հետո կուսակցության հետ սկսեցինք անընդհատ Ղարաբաղ գնալ»,- պատմությունը շարունակում է Կարոտի հորեղբոր թոռը, նրա մարտական ընկեր Պռոշյան ջոկատի ազատամարտիկ Վարդգես Մուրադյանը։
«Երկու եղբայր մի տնից թույլ չէին տալիս կռիվ գնալ։ Ինքն էր հրամանատարը ու մի բառն արդեն ամեն ինչ էր ինձ համար»,- նշում է Կարոտ Մկրտչյանի կրտսեր եղբայր Ղուկաս Մկրտչյանը։
Ինպես նա է նշում՝ իրենք էլ այստեղից զենք ու զինամթերք են հավաքել ու տղաներին ուղարկել։
«Մարտունաշենում Կարոտի վերջին կռիվն էր։ Մեր հրամանատարը Կարոտն էր։ Երեկոյան շարժ զգացինք, այդ գիշեր անհանգիստ մնացինք։ Դիրքերից տղաներն ասացին, որ անսովոր բան է կատարվում, լրացուցիչ ուժեր ուղարկենք։ Կարոտը մեզ մեքենայով դիրքեր տարավ, հետո գնաց, որ շտաբի հետ կապվի։ Մինչև իր հետ վերադառնալը կռիվը սկսվեց։ Մի 3-4 ժամ դիմադրելուց հետո տղաները հետ քաշվեցին։ Ես ու Պետոն չկարողացանք հետ քաշվել, մեր թիկունքում ժայռ էր։ Տեսադաշտում երևում էր, թե ինչպես են տղաները հետ քաշվում։ Ես ու Պետոն մի բան տեսանք, որ մի հոգի երկու արկղ փամփուշտ ձեռքը բարձրանում է սարը՝ մեր տղաների մոտ։ Հետո իմացանք, որ Կարոտն է եղել։ Տղաները պատմում են, որ ինչ-որ գլորվել են, մի քանիսը մի կողմ, ինքը մի կողմ։ Կարոտին էլ չեն տեսել։ Ինքը անհայտ կորավ Ջամբազ սարի վրա»,- Ջամբազի արծվի անհայտ կորչելու մասին հիշում է Վարդգես Մուրադյանը։
Հարցազրույցը շարունակում ենք ու կամաց-կամաց Կարոտի տուն են մտնում նրա մարտական ընկերները, շնորհավորում հորը, ընտանիքի անդամներին։ Ամեն անգամվա նման հավաքվում տանը, որից հետո գնում գյուղի կենտրոնում տեղադրված կիսանդրու մոտ ծաղիկներ դնելու։ Ինչպես Կարոտի եղբայրն է ասում՝ Կարոտը կենդանի է այնքան, քանի դեռ նրան հիշում են։ Իսկ այսօր նրան հիշում են։
«Ասում էր՝ մեր գործն արդար է, մենք պահանջատեր ենք, ոչ թե մարդասպան։ Մենք պիտի հաղթենք։ Նրանք չէին զավթում, այլ պաշտպանում էին մեր հայրենիքը»,- հավելում է Ղուկաս Մկրտչյանը։
Փորձում ենք ամփոփել մեր զրույցը։ Մարտական ընկերը մի բան է ասում. «Ինքը գերի կընկներ միայն մի դեպքում, եթե վիրավոր ու անգիտակից լիներ։ Կարոտը կյանքում չէր հանձնվի»,- եզրափակում է ազատամարտիկը։
Այսօր Կարոտին կարոտում ու սպասում են…
«Ինչպես ասում են, հրաշքներ լինում են…»,- հուզված հայացքը ներքև է հառում ու ավարտում Ջամբազի արծվի մարտական ընկեր Վարդգես Մուրադյանը։
Նկարները՝ Սոսե Մուրադյանի