Ֆրանսիայի զինված ուժերի սպառազինության գլխավոր վարչությունը իտալական Iveco ընկերությանը պատվիրել է 250 միավոր PPT բեռնատար մեքենաներ։ Սա երկու կողմերի միջև 2010-ին կնքված ևս մեկ պայմանագրի շարունակությունն է։
Ըստ Ջեյնս ռազմական հանդեսի՝ նախորդ պայմանագրով իտալական ընկերությունը ֆրանսիական զինված ուժերին պարտավորվել է տրամադրել 8×8 ընթացամասով 200 մեքենաներ, որոնցից առաջինները փոխանցել է 2013-ի ամռանը։
Երկու պայմանագրերի կատարումն ավարտվելու է 2019-ին։ Իսկ 2019-ից հետո Ֆրանսիան նախատեսում է գնել ևս 1150 միավոր մեքենաներ, որոնք զինված ուժերի կազմում կփոխարինեն 6×6 ընթացամասով, արդեն հնացած VTL ու TRM 10000 մեքենաներին։
Մեքենաներն իտալական ընկերությունը նախագծել է ֆրանսիական Soframe ընկերության հետ համատեղ՝ Iveco 8×8 շասսիի հիման վրա։ Ֆրանսիական ընկերությունը պատասխանատու է մեքենայի վրա սարքավորումների ու տեխնիկայի՝ մասնավորապես կռունկների ու ամբարձիչ այլ միջոցների տեղադրման համար։
Ֆրանսիական զինված ուժերը կստանան մեքենաների երկու տարբերակ, որոնցից մեկը նախատեսված է բեռնափոխադրման համար ու ունի ամբարձից միջոցներ, իսկ մյուս տարբերակը նախատեսված է նորոգման-տարհանման աշխատանքներ կատարելու համար։ Մեքենաներն ունակ են փոխադրել մինչև 19 տոննա զանգվածով բեռ։
Բեռնատար մեքենաների խցիկները զրահապատ են, իսկ խցիկների վերևում կարելի է տեղադրել 7,62 մմ տրամաչափի գնդացիրներ։