Թուրքական հակատանկային հրթիռային համալիրների փորձարկումներ Ադրբեջանում

Օրերս Ադրբեջանում Roketsan թուրքական ընկերության արտադրած Mizraq-U և Mizraq-O հակատանկային կառավարվող հրթիռային համալիրների կրակային փորձարկումներ են ընթացել։

Cobra զրահամեքենա

Cobra զրահամեքենա

Ինչպես հաղորդում է թուրքական Kokpit.aero լրատվակայքը, փորձարկումները ծրագրվել են դեռևս 2013-ի դեկտեմբերի վերջին, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորած ՊՆ պատվիրակությունն այցելել էր Թուրքիա, հանդիպումներ ունեցել թուրքական ռազմարդյունաբերական ընկերություններում։

Կայքի փոխանցմամբ՝  հենց այս այցի ընթացքում էլ Զաքիր Հասանովը հետաքրքրություն էր ցուցաբերել Roketsan-ի արտադրած հակատանկային համալիրների նկատմամբ։ Երկկողմ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել Ադրբեջանի տարածքում հակատանկային համալիրները փորձարկելու մասին։

Համաձայն աղբյուրի՝ փորձարկումներն ընթացել են Ադրբեջանի զինված ուժերի մասնագետների մասնակցությամբ։ Փորձարկումների ընթացքում հակատանկային հրթիռային համալիրներն ամրացվել են թուրքական Otokar ընկերության արտադրության Cobra զրահամեքենայի, ինչպես նաև վերգետնյա արձակման կայանների վրա։ Ադրբեջանի ԶՈւ մասնագետները լավ գնահատականներ են տվել համալիրների՝ կրակ արձակելու հնարավորությանն ու դիպուկության աստիճանին։

Առաջիկա ամիսներին նույն համալիրների կրակային նոր փորձարկումներ են նախատեսված թե´ Թուրքիայում և թե´ Ադրբեջանում։

Կայքը գրում է նաև, որ նախնական տվյալներով Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերին  Mizraq-U և Mizraq-O հակատանկային կառավարվող հրթիռային համալիրները հանձնվելու են 2015-ի ընթացքում։

Հավելենք, որ Mizraq-U-ն հեռահար ազդեցության համալիր է, կրակի արձակման առավելագույն հեռավորությունը 8 կմ է, նվազագույնը՝ 500 մ, իսկ Mizraq-O-ն միջին հեռահարության է, կրակ է բացում առավելագույնը 4 կմ, նվազագույնը՝ 200 մ հեռավորության վրա։ Համալիրները գործածելի են ցերեկային ու գիշերային ժամերին և տարբեր եղանակային պայմաններում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *