Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով ժամանել էր Անկարա, որտեղ էլ դեկտեմբերի 24-ին մի շարք հանդիպումներ է ունեցել։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, այցը տևելու է 2 օր, և քննարկման հիմնական թեման լինելու է ռազմական ոլորտում համագործակցության խորացումը։
Հայտնի է, որ Զաքիր Հասանովն արդեն հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության խնդիրները։
Բացի այդ, Ադրբեջանի պաշտպանության նախարարին ընդունել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։
Նշենք նաև, որ Ադրբեջանի պատվիրակության կազմում են ՊՆ միջազգային հարաբերությունների վարչության պետ, գեներալ-մայոր Ռամիզ Նաջաֆովը, Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդ Թոֆիգ Հասիմովը, ինչպես նաև, ադրբեջանական աղբյուրների բնորոշմամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ ու միաժամանակ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ռամիզ Թահիրովը։
Ստացվում է՝ ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության տարածած լուրը, համաձայն որի Ալթայ Մեհթիևին ռազմաօդային ուժերի հրամանատարի պաշտոնում փոխարինել է Ռամիզ Թահիրովը, համապատասխանում է իրականությանը՝ չնայած դեռևս հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հերքել էր այս նշանակման վերաբերյալ պտտվող լուրերը։