Վնասվել է Սև ծովում առաքելություն իրականացնող ամերիկյան ռազմանավը

Սոչիում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող ԱՄՆ քաղաքացիներին անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերելու նպատակով Սև ծով ուղարկված ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու ռազմանավերից մեկն ընկել է ծանծաղուտը։ Այս մասին հաղորդում է Ageance France-Presse գործակալությունը։

ԱՄՆ ՌԾՈւ Թեյլոր ռազմանավը

ԱՄՆ ՌԾՈւ Թեյլոր ռազմանավը

Դեպքը եղել է փետրվարի 17-ին, երբ ԱՄՆ ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) Թեյլոր ռազմանավն ուղևորվում էր Թուրքիայի հյուսիսի Սամսուն քաղաքի նավահանգիստ՝ վառելիքի պաշարները համալրելու նպատակով։ Ռազմանավը կարողացել է ինքնուրույն դուրս գալ ծանծաղուտից, սակայն անմիջապես մեկնել է մոտակա նորոգարան՝ ստուգում անցնելու համար։

Ինչպես հայտնել են ԱՄՆ ՌԾՈւ հրամանատարությունից, ստուգման արդյունքում պարզվել է, որ վնասվել են Թեյլորի կրող պտուտակները։ Առայժմ հայտնի չէ, թե արդյոք ռազմանավը կկարողանա շարունակել իր առաքելությունը Սև ծովում։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների ՌԾՈւ Մաունթ Ուիթնի և Թեյլոր ռազմանավերը Սև ծովի ավազան էին մտել 2014-ի փետրվարի 5-ին։Պաշտոնապես նշվում էր, որ ռազմանավերը Սևծովում են ուսումնական վարժանքներ անցկացնելու համար և Ռուսաստանի տարածքային ջրեր չեն մտնելու։

Սակայն հիշեցնենք, որ դեռևս 2014-ի հունվարին ամերիկյան կողմը Ռուսաստանին առաջարկեց իր աջակցությունը Սոչիի Օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման հարցում։ Ռուսաստանն այդ առաջարկը մերժեց, սակայն ԱՄՆ-ն այդուամենայնիվ Սև ծով ուղարկեց երկու ռազմանավ։ Ինչպես ամերիկյան լրատվամիջոցներն են նշում, ռազմանավերն անհրաժեշտության դեպքում իրականացնելու են ԱՄՆ քաղաքացիների տարհանումը Սոչիից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *