Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը ստացել է հեռահար ռադիոտեղորոշմամբ առաջին արդիականացված E-3F Sentry ինքնաթիռը, որը բնորոշում են նաև որպես «թռչող ՌՏԿ»։ Ինքնաթիռի վրա ամրացվել են բարելավված էլեկտրոնային ու մեխանիկական համակարգեր, նաև ռադիոէլեկտրոնային սարքավորումներ։
Ինչպես հաղորդում է Defense News ռազմական լրատվակայքը, արդիականացման աշխատանքները կատարել են ամերիկյան Boeing ու ֆրանսիական Air France Industries KLM Engineering & Maintenance ընկերությունները։
Նշենք, որ ինքնաթիռի արդիականացումն իրականացվել է Լը Բուրժեի արհեստանոցներում։
Հայտնի է նաև, որ մոտ ժամանակներս այս ինքնաթիռը փորձարկումների փուլ կանցնի «Ավոր» ավիակայանում։ Ակնկալվում է, որ այն Ֆրանսիայի ՌՕՈւ շահագործմանը կհանձնվի 2014-ին։
Ֆրանսիան ընդհանուր առմամբ պետք է ստանա 4 միավոր նման հատուկ ՌՏԿ կրող ինքնաթիռ։ Մնացյալ երեքի արդիականացումն իրականացվելու է «Շառլ դը Գոլի» օդանավակայանում։
2008-2010-ին Boeing կոնցերնն իրականացրել է ֆրանսիական «թռչող ՌՏԿ-ների» թեթև արդիականացում։ Արդիականացումից հետո ինքնաթիռները հանձնվել են Ֆրանսիային. վերջինը փոխանցվել է 2011-ի հոկտեմբերին։ Ինքնաթիռները ստացել են կապի ու տեղեկության փոխանակման նոր միջոցներ, այդ թվում՝ արբանյակային կապի սարքեր, թարմացվել էր նաև E-3F ծրագրային ապահովումը։
Հավելենք, որ E-3F Sentry ինքնաթիռն իր առաջին թռիչքը կատարել է 1975-ի հոկտեմբերին, շահագործվում է ԱՄՆ ՌՕՈւ-ում, Մեծ Բրիտանիայում, Սաուդյան Արաբիայում, Լյուքսեմբուրգում, ՆԱՏՕ երկրներում։ Անձնակազմը 4 հոգի է, երկարությունը՝ 46.61 մ, բարձրությունը՝ 12.73 մ, թևի բացվածքը՝ 44.42 մ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 160882 կգ, առավելագույն արագությունը՝ 853 կմ/ժ, ունակ է հայտնաբերել թիրախներ մինչև 400 կմ հեռավորության վրա, առանց լիցքավորման մնում է օդում ավելի քան 11 ժամ։