ԱՄՆ-ն արդիականացնում է Cougar զրահամեքենաները

Cougar զրահամեքենաների արդիականացման համար ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հարամնատրությունը տրամադրել է 26 մլն ԱՄՆ դոլար։ Մրցույթի արդյունքում հրամանատարությունն արդիականացման պայմանագիրը ստորագրել է ամերիկյան General Dynamics ընկերության կանադական մասնաճյուղի հետ։

Ամերիկյան Cougar զրահափոխադրիչը՝ 4x4 ընթացամասով

Ամերիկյան Cougar զրահափոխադրիչը՝ 4×4 ընթացամասով

Արդիականացման նպատակն է ավելացնել Cougar մեքենաների «կենսունակությունը»։ Պայմանագրի համաձայն՝ ընկերությունը մասնավորապես պարտավորվել է նախագծել ու մեքենաների վրա տեղադրել 468 SSU (Seat Survivability Upgrade) համալիրներ։ Դրանց մեջ կմտնեն պայթյունների էներգիան կլանող նստատեղերը, հատուկ ամրագոտիներն ու տակդիրները, որոնք կպաշտպանեն մեքենաների անձնակազմերը պայթյունի հարվածային ալիքի ազդեցությունից։

Ընկերությունը փոփոխություններ կկատարի նաև մեքենայի ներքին կառուցվածքում, մասնավորապես ղեկավարման հանգույցում (վարորդի ու հրամանատարի աշխատանքային տեղեր)։ Կկատարելագործվի հակահրդեհային համակարգը։

Արդիականցված մեքենաների վերահանձնումը զինված ուժերին կավարտվի մինչև 2015-ի հուլիս։

MRAP դասի ամերիկյան Cougar զրահամեքենաները նախատեսված են հետևակի տեղափոխման ու նրա պաշտպանվածության մակարդակի բարձրացման համար։ Ունեն 4×4 (Cougar HE տարբերակի դեպքում՝ 6×6) անվային կառուցվածք։ Անձնակազմը 2 հոգի է, կարող է տեղափոխել 4 (Cougar HE` 10) դեսանտային։

Զրահամեքենան մասնակցել է Իրաքի ու Աֆղանստանի պատերազմներին։ Առկա է մոտ 10 երկրների զինված ուժերի սպառազինության մեջ, իսկ մոտավոր գինը 475 հազար ԱՄՆ դոլար է (Cougar HE՝ 644 հազար ԱՄՆ դոլար)։

6×6 ընթացամասով Cougar HE զրահամեքենանփորձարկումներիժամանակ

Մեքենան MRAP (Mine-Resistant Ambush Protected – Ականային պայթյուններից ու դարանից հարձակումներից պաշտպանված) զրահապատ մեքենաների դասի է։ Այս զրահապատ մեքենաները հիմնականում նախատեսված են զինված խմբավորումների դեմ մարտերի համար։ Զրահամեքենաների հիմնական առանձնահատկությունը V-աձև հատակն է։

Հատակի նման կառուցվածքի շնորհիվ ականի պայթյունի դեպքում հարվածային ալիքը հատակի ներքևի հատվածում կիսվում է երկու մասի ու բաժանվում՝ նվազեցնելով ուժգնությունը ու թեքելով ուղղությունը։ Արդյունքում հարվածային ալիքի ազդեցությունը մեքենայի վրա թույլ է լինում, ու մեքենան պահպանում է աշխատունակությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *