Ֆրանսիան կմեծացնի իր ռազմական ներկայությունը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում

Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ռազմական առաքելություն իրականացնող ֆրանսիական և աֆրիկյան զորախմբերին հաջողվել է զինաթափել երկրի մայրաքաղաք Բանգիում գործող զինյալներին։ Հատուկ գործողության արդյունքում խուզարկում է անցկացվել քաղաքի այն շրջանում, որտեղ ենթադրաբար տեղակայված է մուսուլմանների վրա հարձակումներ գործող քրիստոնյա ապստամբների կենտրոնակայանը։ Այս մասին հաղորդում է Radio France International-ը։

Ֆրանսիական զորախմբի զինծառայողները մայրաքաղաք Բանգիում

Ֆրանսիական զորախմբի զինծառայողները մայրաքաղաք Բանգիում

Իր հերթին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտնել է, որ ռազմական առաքելությունը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում կտևի նախատեսվածից երկար, քանի որ զինյալների թիվն ու հարձակումների ծավալներն ավելի մեծ են, քան ենթադրվում էր։ Երկրում ստեղծված իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի դարձնելու նպատակով Ֆրանսիան պատրաստվում է նաև ավելացնել իր զորախումբը 400 հոգով՝ նրանց ընդհանուր թիվը հասցնելով 2 000-ի։

Աֆրիկյան այս թեժ երկրի հարցում իր մտահոգությունն է սկսել հայտնել նաև Եվրամիությունը։ Վերջինս ևս նախատեսում է զորախումբ ուղարկել Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն։ Ակնկալվում է, որ զորախումբն առայժմ բաղկացած կլինի 100 հոգուց, որոնց մեջ հնարավոր է ներառվեն զինծառայողներ Իսպանիայից, Թուրքիայից ու նաև Վրաստանից։

Հիշեցնենք, որ իրավիճակը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում լարված բնույթ է ստացել վերջին 10 ամիսներին։ Երկրի մուսուլման և քրիստոնյա բնակչության միջև անընդմեջ տեղի են ունենում զինված բախումներ, ինչի հետևանքով հակամարտության ողջ ընթացքում զոհվել է մոտ 2 000 մարդ։ Նախագահ Միշել Ջոտոդիան 2014-ի հունվարի 10-ին հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ ի զորու չէ հանգուցալուծել երկրում ստեղծված իրավիճակը։ Հարավաֆրիկյան Հանրապետության անցումային կառավարությունը նախագահի լիազորությունները հանձնեց մայրաքաղաք Բանգիի արդեն նախկին քաղաքապետ Քեթրին Սամբա-Պանզային։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *