Պակիստանն Աֆղանստանի հետ սահմանի երկայնքով կգործարկի անօդաչուներ

Պակիստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Աֆղանստանի հետ սահմանի ողջ երկայնքով շուրջ 20 անօդաչու թռչող սարքի տեղակայման և գործարկման մտադրության մասին։ Նախնական տեղեկություններով՝ անօդաչուներն օգտագործվելու են Թալիբան շարժման վերահսկողության տակ գտնվող սահմանամերձ շրջանները հետևելու համար։ Այս մասին հայտնում է Jane’sռազմական հանդեսը։

պակիստանյան Shahpar անօդաչուն

պակիստանյան Shahpar անօդաչուն

Նշվում է, որ խոսքը պակիստանյան արտադրության Shahpar և Burraq հետախուզական և թեթև հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մասին է, որոնք կարող են կրել նաև մինչև 65 կգ-անոց ռումբեր։ Դրանց տեղակայումը սահմանի երկայնքով կավարտվի 2014-ի վերջին։

Պակիստանի համար առաջացել է երկրի հյուսիս-արևմտյան շրջանում տեղակայված և Աֆղանստանին սահմանակցող դաշնային կառավարման ենթակա ցեղային շրջանները հետախուզական վերահսկման տակ պահելու անհրաժեշտություն, քանի որ դրանցում շատ են Թալիբան շարժման ազդեցության գոտիները։ Ցեղային շրջանների ընդհանուր տարածքը շուրջ 27 հազար կմ քառակուսի է։

Հավելենք, որ չինական CH-3 ԱԹՍ-ի հիման վրա ստեղծված պակիստանյան Shahpar անօդաչուն ունի 150 կմ/ժ առավելագույն արագություն, կարող է օդում մնալ մինչև 7 ժամ։ ԱԹՍ-ն օժտված է նաև գիշերային տեսանելիության տեսախցիկներով։ Burraq ԱԹՍ-ի տեխնիկական բնութագրերի մասին ոչինչ հայտնի չէ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *