«Հավատքի հողի վրա ճնշումներ զինվորների վրա չեն եղել». փորձագետ: Օրվա ամփոփում

ԱԺ-ում այսօր քննարկվել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրինագիծը: Անդրադարձ է կատարվել զինծառայողների՝ ընտրություններին մասնակցելու կարգին: Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցն անդրադարձել է Ադրբեջանի սպառազինմանը և կրոնական փոքրամասնությունների՝ զինծառայություն անցնելուն: Արթուր Սաքունցը 5 կետից բաղկացած պահանջ է ներկայացրել իշխանություններին:

  • ԱԺ–ում այսօր քննարկվել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրինագիծը: Պատգամավորների այն մտահոգություններին, որ զինվորն օրենքով կարող է կրակ բացել  իր հարազատի վրա՝ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը պատասխանել է, թե չի կարող պատահել, որ ԶՈՒ-ն օգտագործվեն քաղաքական դրդապատճառներով: Թեման նաև haynews.am-ում:
  • «Ժայռ» կազմակերպության հիմնադիր Ալեքսանդր Մինասյանն առաջարկում է ընտրություններն անցկացնել այնտեղ, որտեղ ծառայում են զինծառայողները: Նա դա բացատրել է զինծառայողների բազմակի քվեարկությունից խուսափելու և սպայական կազմի հրամանով գերագույն գլխավոր հրամանատարի քաղաքական ուժի օգտին քվեարկելուց խուսափելու միջոց: Թեմային անդրադարձել են՝ tert.am, panorama.am, 1in.am լրատվակայքերը:
  • Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցն անդրադարձել է Ադրբեջանական բանակի սպառազինությանը. «Այն, որ Ադրբեջանը սպառազինության մեծ քանակ է կուտակում՝ միանշանակ է, սակայն դա չի նշանակում, որ դրանք եղել են արդյունավետ: Պաշտոնապես ներկայացվող թվերում պարզ է դառնում, որ զինամթերք գնվում է բացահայտ «թանկ գներով», այսինքն՝ սպառազինությանն ուղղված գումարիների մի մասն ուղղակի փոշիացվում է»:
  • Անդրադառնալով աղանդավորների կողմից պարտադիր զինծառայությանը՝ ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցն ասել է. «Հանդիպել եմ երիտասարդների, ովքեր հիսունական կամ այլ կրոնական կառույցի հետևորդներ են, բայց հավատքի հողի վրա ճնշումներ նրանց վրա չեն եղել: Զորամասերում այդ առումով առողջ մթնոլորտ է: Ես համոզված եմ` եթե «Եհովայի վկաներն» էլ բանակում ծառայեն, նրանց դեմ բացասական վերաբերմունք չի լինի»:
  • Արթուր Սաքունցը բանակի թեմայով այսօր հինգ հարցադրում է ուղղել իշխանություններին:

Միջազգային լուրերը հայկական մամուլում

  • Հարավային Կորեան Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությանը մեղադրում է հրթիռների մշակման փորձեր անելու մեջ, որոնք կարող են միջուկային մարտագլխիկներ կրել։ Արբանյակ ունեցող հրթիռի՝ տիեզերք ուղարկելու հանգամանքին և դրա շուրջ հնչած սպառնալիքները՝ այստեղ:
  • «Սիրիայում այսօր տեղի ունեցող իրադարձությունները ամերիկա-իսրայելական ծրագրի մի մասն են, որի նպատակն է տարածաշրջանը մասնատել «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման և մի շարք արաբական պետությունների միջոցով»,-ասել է եգիպտացի մեկնաբանը Ֆարուք Ալ-Աշիրին:
  • Այսօր Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղի ունեցած ընդհարումների հետևանքվ զոհվել է սիրիական բանակի առնվազն 80 զինծառայող:
  • Սիրիան լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը ՀՕՊ ժամանակակից միջոցներ է տրամադրում և սովորեցնում շիա գրոհայիններին օգտվել նման սարքավորումներից: Հայտնում է իսրայելական մամուլը՝ հղում անելով իսրայելական բանակի ներկայացուցչին:
  • Ամերիկյան The New York Times-ը, հղում անելով ԱՄՆ իշխանություններին, հայտնել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն համակարծիք են այն հարցում, որ Իրանը միջուկային զենք չի մշակում: Ինչպես նշում է պարբերականը, ԱՄՆ հատուկ ծառայությունների ղեկավարությունը հայտարարել է, որ ոչ մի ազդանշան չկա, թե Իրանն ատոմային զենք է մշակում:
  • Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Մասուդ Ջազայերին հայտարարել է, որ աֆղան ժողովուրդը ոչնչացնելու է իրեն շարունակ տհաճություններ պատճառած ամերիկյան կայսրությանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին և Վրաստանին՝ ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ` այս տարի Ադրբեջանի և ԱՄՆ-ի զինվորականների մասնակցությամբ տեղի է ունենալու երկու զորավարժություն, որին կմասնակցեն նաև այլ երկրների ներկայցուցիչներ:

Թբիլիսիի մոտ ընկած «Վազիանիի» ռազմաբազայում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է. «Եթե բանակը չունի մարտական փորձառություն, ապա այդ բանակը ոչ լիարժեք է: Դրա համար էլ վրացի զինծառայողները, չնայած կրած կորուստներին, պետք է մասնակցեն Աֆղանստանում տարվող ՆԱՏՕ-ի օպերացիաներին: Արդեն մի քանի հազար զինծառայող անցել է «աֆղանական դպրոցը» և այդ երկրում աշխարհի լավագույն բանակից ձեռք է բերել փորձառություն»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *