Հետաձգվել են ԱՄԷ-ի արտադրած անօդաչու թռչող սարքի փորձարկումները ՌԴ-ում

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտադրած United 40 անունով անօդաչու թռչող սարքը, որի փորձարկումները Ռուսաստանի համար ծրագրել էին իրականացնել 2014-ի փետրվարի սկզբին, հետաձգվել են, ընդ որում՝ անհայտ է, թե որքան ժամանակով։

Yabhon United 40 ԱԹՍ

Yabhon United 40 ԱԹՍ

Այս մասին ռուսական «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է արտադրող ADCOM Systems  ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Տատյանա Կիրովը։

Ընկերության ղեկավար Ալի Ալ Ջահերին դեռևս 2013-ի դեկտեմբերի սկզբին հաղորդել էր՝ Ռուսաստանի հայտի համաձայն՝ առաջին United 40 ԱԹՍ-ն կտրամադրվի ռուսական կողմին փորձարկումների համար ամենաուշը փետրվարի սկզբին։

Ջահերիի խոսքերով՝ կողմերն արդեն իսկ համաձայնության են եկել փորձարարական առաջին խմբաքանակի գնման շրջանակներում։

Իր հերթին, ռուսական կողմը, մասնավորապես ԱԹՍ-ի բնագավառում ռուս մասնագետ Դենիս Ֆեդուտինովը հավաստիացնում է, որ արաբական ընկերությունը շատ է հետաքրքրված ռուսական սպառման շուկայով, նույնիսկ United 40-ի արտերկրյա առաջին ցուցադրությունն անցկացրել է հենց ՌԴ-ում, «ՄԱԿՍ-2013» ավիացուցադրության ժամանակ։

United 40  անօդաչուն առանձնանում է թևերի բարձր տեղադրվածությամբ, ինչը թույլ է տալիս տեսախցիկներ ամրացնել նաև այդ հատվածում։ Նախատեսված է հետախուզության, մարդասիրական օգնություն տեղափոխելու,  սահմանային դիտարկման համար։ ԱԹՍ-ի երկարությունը 11.13 մ է, բարձրությունը՝ 4.38 մ, թևի բացվածքը՝ 20 մ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 1500 կգ, օգտակար բեռնվածությունը՝ 1000 կգ, թռիչքչի տևողությունը՝ 120 ժամ, արագությունը՝ մինչև 220 կմ/ժ։

Նկատենք, որ Ռուսաստանն առաջին անգամը չէ, որ ԱԹՍ-ներ արտադրելով հանդերձ, հետաքրքրվում է այլ երկրների արտադրած նման սարքերով։ 2009-ին ՌԴ-ն գնել էր իսրայելական արտադրության 2 միավոր Bird Eye-400, 8 միավոր I-View Mk150 և 2 միավոր Searcher Mk.2 ԱԹՍ-ներ՝ վճարելով 53 մլն ԱՄՆ դոլար։ Հետագայում մամուլում հրապարակումներ էին հայտնվել ռուս զինվորականների՝ իսրայելական այս ԱԹՍ-ները քննադատելու և դրանք գնելու գործարքը ձախողում համարելու վերաբերյալ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *