Ռուսաստանն ավարտել է Պանցիր զենիթահրթիռային հրանոթային համալիրների մատակարարումն Ալժիրին և Արաբական Միացյալ Էմիրություններին: Ներկայումս ընթանում են բանակցություններ նույն համալիրի՝ Բրազիլիային մատակարարելու շուրջ: Այս մասին ԻՏԱՐ-ՏԱՍՍ լրատվական գործակալության թղթակցին Հնդկաստանում կայացած Դեֆէքսպո-2014 ռազմական ցուցահանդեսի ժամանակ հայտնել է Տուլայի կոնստրուկտորական բյուրոյի տնօրենի գործակատարի տեղակալ, Յուրի Խոզյաինովը:
Նրա խոսքերով, 2013-ի աշնանը Պանցիր զենիթահրթիռային հրանոթային համալիրի (ռուս.՝ зенитный ракетно-пушечный комплекс Панцирь) մատակարարման բոլոր պատվերներն իրականացվել են: Սակայն հետաքրքրությունն այս համալիրի նկատմամբ շարունակում է աճել: Ռոսոբորոնէքսպորտը նախորդ տարի կնքել է Պանցիրի վաճառքի ևս մեկ պայմանագիր՝ 2.5 միլիարդ ամերիկյան դոլար ընդհանուր արժեքով, սակայն Խոզյաինովը չի հստակեցրել, թե որ պետությունն է պատվիրատուն:
Յուրի Խոզյաինովը նաև պատմել է, որ ներկայումս Պանցիր զենիթահրթիռային հրանոթային համալիրի (ԶՀՀՀ) վաճառքի շուրջ բանակցություններ են ընթանում նաև Բրազիլիայի հետ: Վերջինս առայժմ ցանկանում է գնել 18 միավոր Պանցիր ԶՀՀՀ: Սա, ըստ էության, մեծ ծավալ չէ, բայց Ռուսաստանի համար կարևոր է նրանով, որ բացվում են հեռանկարներ նոր շուկայում հաստատվելու համար:
Հավելենք, որ Պանցիր ԶՀՀՀ-ի ձեռքբերման շուրջ հետաքրքրություն են ցուցաբերել նաև աֆրիկյան մի շարք երկրներ, այդ թվում՝ Կամերունը:
Պանցիր ԶՀՀՀ-ն նախատեսված է հատուկ կարևորության փոքր օբյեկտների՝ օդային հարձակումներից պաշտպանության համար, մինչև 15 կմ հեռավորության և 20 կմ բարձրության վրա: Անձնակազմը երեք հոգանոց է, համալիրը մարտական պատրաստության վիճակի է բերվում հինգ րոպեի ընթացքում: ԶՀՀՀ-ն իր սպառազինությունում ունի 12 հրթիռ և 1400 արկ՝ հրանոթի համար: