Սիրիայում «Ջունուդ ալ-Ակսա» իսլամիստական խմբավորման զինյալները Համա նահանգում ալևիական գյուղ են գրավել և սպանել տեղի տասնյակ բնակիչների։ Ականատեսների վկայությամբ՝ զինյալները սպանել են գյուղի ազգային ինքնապաշտպանական ուժերից 20 մարդու, ինպես նաև գյուղի 21 բնակչի։
Այս մասին հայտնում է AFP լրատվական գործակալությունը։
Կառավարական աղբյուրները պնդում են, որ զոհվածների մեծ մասը կանայք, երեխաներ ու ծերեր են։ Իսկ ահա իսլամիստական «Ջունուդ ալ-Ակսա» խմբավորման կորուստների մասին նշվում է, որ նրանց թիվը հասնում է 12-ի։
Գյուղը, որտեղ սպանել են բնակիչներին, հեռու չէ գլխավոր մայրուղուց, որը միացնում է Սիրիայի հյուսիսն ու հարավը։
Նշենք, որ ավելի վաղ էլ զինյալները դարձյալ փորձել էին իրենց վերահսկողության տակ վերցնել այդ ճանապարհի զգալի հատվածներ։
Տեղեկացնենք, որ արտասահմանյան իրավապաշտպան մի շարք կառույցներ բազմիցս քննադատել են ինչպես կառավարական զորքերի, այնպես էլ զինյալների գործողությունները, որոնց պատճառով զոհվում են անզեն մարդիկ։ Չնայած դրան՝ հակամարտող կողմերը չեն ընդունում իրենց մեղքը, և այն բարդում են մյուս կողմի վրա։
Սիրիայում քաղաքացիական պատերազմը սկսվել է 2011-ից։ ՄԱԿ-ի տվյալներով՝ նախագահ Բաշար Ասադի համախոհների և նրանց դեմ մարտնչող զինյալների հակամարտության հետևանքով գրանցվել է 120 հազարի զոհ, 2 մլն մարդ դարձել է փախստական։