Հնդկաստանն ինքնագնաց հրետանային համակարգեր գնելու տարբերակներ է փնտրում

Ֆրանսիական Nexter ընկերությունը միավորվել է հնդկական Larsen & Toubro ու Ashok Leyland Defence ընկերությունների հետ, որպեսզի մասնակցի Հնդկաստանի ցամաքային զորքերի հայտարարած զենքի գնման մրցույթին։

Մրցույթի արդյունքում ընտրված ընկերությունը ինքնագնաց հրետանային համակարգեր (ԻՀՀ) կմատակարարի Հնդկաստանին։ Նշված մրցույթին մասնակցելու համար Nexter-ը նախատեսում է առաջարկել հնդկական Ashok Leyland Defence ընկերության շասսիի հիմքի վրա հավաքված Caesar ԻՀՀ-ներ։ Վերջինս ֆրանսիական ընկերությունը ներկայացրել է Հնդկաստանում անցկացված DEFEXPO-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ։

Հնդկաստանը արդեն 5-րդ անգամ է նման մրցույթ հայտարարում։ Հնդկական զինված ուժերը նախատեսում է այս մրցույթի արդյունքում կնքված պայմանագրով 2020-2025 թվականների ընթացքում ձեռք բերել շուրջ 3600 միավոր 155 մմ-անոց անվավոր ինքնագնաց հաուբիցներ, որոնք Հնդկաստանը տեղավորելու է Փենջաբի նահանգի հյուսիսային հատվածում՝ Պակիստանի սահմանին, ինչպես նաև Արևմտյան Ռաջաստանում։

Դեռևս 2012-ին Հնդկաստանը արդեն հայտարարել էր ԻՀՀ-ների տրամադրման մրցույթ, սակայն կոռուպցիոն սկանդալի պատճառով այն այդպես էլ չկայացավ։ Հնդկական իշխանությունները հայտարարում էին, որ մասնակից ընկերություններից մի քանիսը անօրինական ճանապարհներով էին փորձել հաղթող դառնալ մրցույթում։ Այդ ընկերությունների մեջ Հնդկաստանը նշում էր համաշխարհային այնպիսի արտադրողների, ինչպիսիք են իսրայելական IMI (Israel Military Industries), գերմանական Rheinmetall Defence ու այլ ընկերություններ։ Վերջիններս, սակայն, մերժում են այս մեղադրանքներն ու պնդում, որ անօրինական քայլերի չեն դիմել։ Սակայն արդյունքում Հնդկաստանն այս ընկերությունները մտցրել է «սև ցուցակի» մեջ ու հրաժարվում է նրանցից տեխնիկա գնել։

Հիշեցնենք, որ մինչ 152 մմ-անոց ԻՀՀ-ների ձեռքբերումը Հնդկաստանը մտադիր է գնել սեփական արտադրության Catapult Mk.2 անվավոր ԻՀՀ-ներ՝ որպես միջանկյալ տարբերակ։ Այս համակարգերը, որոնք նախագծվել են հնդկական Arjun Mk.1 ազգային տանկի շասսիի ու ռուսաստանյան Մ-46 քարշակվող թնդանոթի միացմամբ, հնդկական զինված ուժերին կծառայեն մինչև այն ժամանակ, երբ Հնդկաստանը 155 մմ-անոց ԻՀՀ-ները արդեն ստանա։

Նշենք, որ Հնդկաստանը վերջին շրջանում ակտիվորեն զինվում է ու առաջին տեղն է զբաղեցնում զենքի ներմուծման ծավալներով։ Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» տվյալներով՝ 2013-ին զենքի ներմուծման վրա Հնդկաստանը ծախսել է շուրջ 9,943 մլրդ ԱՄՆ դոլար։ Հնդկաստանին այսպիսով բաժին է ընկնում զենքի համաշխարհային առևտրի շուրջ 15 տոկոսը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *