Լեհաստանը ստացել է արդիականացված 5-րդ ՄիԳ կործանիչը

Լեհաստանի զինված ուժերի 23-րդ մարտավարական ավիաբազան փետրվարի 6-ին ստացել է թվով 5-րդ արդիականացված ՄիԳ-29 կործանիչը։ Այս ինքնաթիռը արդիականացվում էր Բիդգոշի №2 ռազմական ավիացիոն գործարանում, որտեղ էլ այս տարվա հունվարին ավարտվել էին կործանիչի փորձարկումները։

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնը»։

Նշենք, որ ավելի վաղ Լեհաստանի ռազմաօդային ուժերին արդեն փոխանցվել էին 4 միավոր արդիականացված ՄիԳ կործանիչ։

Տեղեկացնենք, որ դեռ 2011 թվականին Լեհաստանի պաշտպանության նախարարությունը լեհական ավիավերանորոգման Wojskowe Zaklady Lotnicze №2 ձեռնարկության հետ համաձայնագիր էր կնքել, ըստ որի՝ արդիականացվելու են 23-րդ ավիաբազայի 16 միավոր ՄիԳ-29 կործանիչները։ Աշխատանքները, որոնք ծրագրում են ավարտին հասցնել 2014-ին, ընթանում են իսրայելական IAI ընկերության հետ համատեղ։  Հայտարարվել էր, որ պայմանագրի արժեքը 44,5 մլն ամերիկյան դոլար է։

Համաձայնագրի շրջանակներում արդիականացվելու են 13 միավոր միտեղանի և 3 միավոր երկտեղանի ուսումնամարտական Միգ-29 ՈւԲ կործանիչներ։  Համաձայանգիրը ներառում է նաև պահեստամասերի, ինքնաթիռների սպասարկման տրամադրում, ինչպես նաև թռիչքային անձնակազմի պատրաստում։

Սա նպատակ ունի երկարաձգել կործանիչների շահագործումը մինչև 2028 թվականը։

Նշենք, որ արդիականացրած առաջին կործանիչը Լեհաստանի ՌՕՈւ-ին էր հանձնվել 2013 թվականի հուլիսի 29-ին։

Հիշեցնենք, որ Լեհաստանը զինվել է 12 միավոր ՄիԳ-29 կործանիչներով 1989-ին։ 1995-ին Լեհաստանի ՊՆ-ն Չեխիայից ստացել է ևս 10 միավոր այդպիսի ինքնաթիռ՝ փոխանակելով դրանք 11 միավոր լեհական արտադրության բազմաթիրախային W-3 Sokol ուղղաթիռների հետ։ 2001-ին Վարշավան 22 միավոր ՄիԳ-29 է ձեռք բերել Գերմանիայից։ Ներկայումս Լեհաստանի ՌՕՈւ-ն թռիչքներ է իրականացնում միայն 31 միավոր ՄիԳ-29Ա/ՈւԲ ինքնաթիռներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *