Իրանի և Պակիստանի սահմանին փետրվարի 7-ին գիշերը սպանվել է Իրանի պետական սահմանապահ ծառայության 14 զինծառայող՝ անհայտ անձանց հետ փոխհրաձգության պատճառով։
Իրանական Tehrantimes.com կայքի և AFP լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սահմանամերձ Սարավան քաղաքի մոտ իրանական կողմի բնորոշմամբ «անհայտ զինված անձինք» կրակել են իրանցի սահմանապահների ուղղությամբ, վիրավորել են 5-ին, սպանել են 14-ին։ Ներկա դրությամբ տեղեկություններ չկան զինված անձանց շարքերում զոհերի ու տուժածների մասին։
Իրանական կողմը պնդում է, որ ևս 5 իրանցի սահմանապահի առևանգել են և մեղադրում է Պակիստանի իշխանություններին։
Իրանը բազմիցս դիմել էր պաշտոնական Իսլամաբադին՝ սահմանի վերահսկողության և անվտանգության աշխատանքները միասին արդյունավետ իրագործելու համար։ Փետրվարի սկզբին վերջապես Իրանն ու Պակիստանը սահմանի համատեղ վերահսկման և ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի համաձայնագիր էին կնքել։
Իրանական կողմը սահմանապահների սպանության հարցով արդեն հետաքննություն է սկսել և կոչ է արել Պակիստանին կնքված համաձայնագրի շրջանակներում աջակցել իրեն։
Նկատենք՝ Պակիստանի՝ Իրանի հետ սահմանակից արևմտյան հատվածը հայտնի է նրանով, որ «Թալիբան» ահաբեկչական խմբավորման զինյալների համար պատսպարան է ծառայում։ Նրանք պարբերաբար ահաբեկչություններ են իրականացնում թե´ Պակիստանի ,թե´ հարևան երկրների տարածքում։