Բրազիլիան կարող է ստանալ Իգլա համալիրի արտադրության արտոնագիր

Բրազիլիան կարող է ստանալ թույլտվություն՝ արտադրել Իգլա-Ս շարժական զենիթահրթիռային համալիրներ և վաճառել դրանք երրորդ երկրներին։ Նման արտոնագրի տրամադրման շուրջ ներկայումս ընթանում են բանակցություններ Բրազիլիայի և Ռուսաստանի միջև։ Այս մասին ռուսաստանյան Վոեննո-պռոմիշլեննի կուրիեռ շաբաթաթերթին հայտնել է շարժական զենիթահրթիռային համալիրներն արտադրող կոնստրուկտորական բյուրոյի գլխավոր տնօրեն Վալերի Կաշինը։

Իգլա համալիրն իր հրթիռով

Իգլա դյուրակիր զենիթահրթիռային համալիրն իր հրթիռով

Նրա խոսքերով նման զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) արտադրության տեխնոլոգիաների փոխանցումն այլ երկրներին խիստ վերահսկողության տակ է, բայց շատ հավանական է, որ Բրազիլիան նման թույլտվություն այդուամենայնիվ ստանա։ Առաջիկայում սպասվում է բրազիլական պատվիրակության այցը Ռուսաստան, որի ընթացքում կքննարկվեն բոլոր պայմանները, ինչից հետո միայն այդ երկրին կփոխանցվեն Իգլա-Ս (ռուս.՝ Игла-С) շարժական ԶՀՀ-ի արտադրության տեխնոլոգիաները։

Կաշինը հավելել է նաև, որ ռուսաստանյան մասնագետների՝ Բրազիլիա կատարած այցի ժամանակ իրենք համոզվել են, որ Բրազիլիայում առկա է տեխնոլոգիական այն ներուժը, որը թույլ կտա երկրում հիմնել Իգլա-Ս շարժական ԶՀՀ-ի արտադրությունը։ Ներկայումս բրազիլական ռազմարդյունաբերության արտադրանքի տարատեսակենրի մեջ կան նաև կառավարվող հրթիռներ, ինչը կարող է լավ հիմք ծառայել Իգլա-Ս-ի պատշաճ արտադրության համար։

Նշնեք, որ Իգլա-Ս-ը Իգլա շարժական ԶՀՀ-ի նորագույն մոդիֆիկացիան է։ Այն նախատեսված է փոքր բարձրության վրա թռչող օդային թիրախների խոցման համար։ Համալիրը դրանք կարող է խոցել մինչև 6000 մետր հեռավորության վրա։ Այն լայնորեն կիրառվում է հետխորհրդային երկրների՝ այդ թվում նաև Հայաստանի զինված ուժերում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *