Իրանը ռազմանավեր է ուղարկել ԱՄՆ առափնյա շրջան

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարությունն իր ռազմանավերն է ուղարկել ԱՄՆ մերձափնյա շրջան։ Իրանական նավերն արդեն սկսել են նավարկումը և այժմ շարժվում են Ատլանտյան օվկիանոս։ Այս մասին հաղորդում է իրանական Ֆարս լրատվական գործակալությունը։

Ականակիր նավեր. Իրանի ՌԾՈւ

Ականակիր նավեր. Իրանի ՌԾՈւ

Իրանի ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) հյուսիսային նավատորմի հրամանատար, ծովակալ Ռեզայյե Հադդադը նշել է, որ սա արվում է որպես նախազգուշացում ԱՄՆ-ի հասցեին, քանի որ վերջինիս կողմից Պարսից ծոցում կենտրոնացվում են ՌԾՈւ մեծաքանակ նավեր, ինչին Իրանը մեկ անգամ չէ, որ առարկել է։ Բացի այդ, Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ՌԾՈւ 5-րդ նավատորմի հրամանատարությունը վերջին երկու տարիներին անցկացրել է բազում զորավարժություններ, որոնք Իրանի կողմից դիտվել են որպես սպառնալիք՝ ուղղված իր դեմ։

Նախկինում Իրանը բազմիցս զգուշացրել է, որ որպես հակաքայլ ԱՄՆ ափ կուղարկի իր ռազմանավերը։ Վերջին անգամ նման հայտարարությամբ 2012-ի սեպտեմբերին հանդես է եկել Իրանի ՌԾՈւ հրամանատար, կոնտրծովակալ Հաբիբոլլահ Սայյարին, իսկ այժմ Իրանն արդեն դիմել է իր նախազգուշացումների իրականացմանը։

ՌԾՈւ Հյուսիսային նավատորմի հրամանատարը մանրամասնել է նաև երթուղին, որով իրանական նավերը շարժվելու են ամերիկյան ափ։ Ըստ այդմ, ռազմանավերը նավարկելու են Հարավային Աֆրիկկայի մոտով և դուրս գալով Ատլանտյան օվկիանոս՝ շարժվեն ԱՄՆ արևելյան ափ։

Նշենք, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների լարվածությունը շարունակում է պահպանվել, չնայած վերջին շրջանում նկատվող առաջընթացին, որի շնորհիվ Իրանն ու արևմտյան երկրներն սկսել են բանակցել միջուկային ծրագրի հստակեցման շուրջ։

Հիշեցնենք նաև, արևմտյան տերություններն Իրանին մեղադրում են ատոմային խաղաղ ծրագրի քողի ներքո միջուկային զենքի ստեղծման փորձերում, ինչի պատճառով Իրանը ենթարկվում է տնտեսական պատժամիջոցների և լարված հարաբերությունների մեջ է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *