Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը փետրվարի 7-ին կրկին այցելել է առաջնագծի հատվածի զորամասեր՝ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիգովի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը չի հաղորդում՝ առաջնագծի որ հատվածում է եղել նախարարը, սակայն շեշտում է՝ Հասանովը եղել է նաև Թովուզի շրջանի Հայաստանի հետ սահմանամերձ շրջանում, մասնավորապես՝ Ալիբեյլի գյուղում:
Հաշվի առնելով, որ Թովուզում տեղակայված զորամասերն ընդգրկված են Շամխորի երրորդ բանակային կորպուսի տարածքում, ապա կարելի է ենթադրել, որ նախարարն այցելել է հենց այս կորպուսի զորամասեր:
Այցի ընթացքում, ըստ աղբյուրի, նախարարը հրամայել է մարտական պատրաստվածությունն ավելի բարձր մակարդակի հասցնել, նաև ստուգել է զորամասերի զրահատեխնիկայի վիճակը: