Հայտնի է Վիետնամի՝ Կալաշնիկովի ինքնաձիգերից հրաժարվելու պատճառը

Հունվարին հայտնի էր դարձել, որ Վիետնամի պաշտպանության նախարարությունը մտադիր է զինվորականների օգտագործած Կալաշնիկովի ինքնաձիգերը փոխարինել իսրայելական IWI Galil մոդելով։ Օրերս պարզվել է Վիետնամի որոշման հավանական դրդապատճառը։

Ինչպես հաղորդում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, Վիետնամի համար «Ռոսօբորոնէքսպորտի» հետ պայմանագիրը կարժենար մոտ 250 մլն ԱՄՆ դոլար, փոխարենը վերջինս արդեն կնքել է ինքնաձիգերի ձեռքբերման պայմանագիր իսրայելական ընկերության հետ, որի արժեքն ավելի ցածր է՝ 170 մլն դոլար է։

Պարբերականը շեշտում է, որ չնայած ՌԴ-ի առաջարկած ավելի թանկ պայմանագրին՝ Վիետնամում Կալաշնիկով ինքնաձիգերը վաղուց են կիրառում, ուստի, ի տարբերության իսրայելական տարբերակի, վիետնամցի զինվորականներն այլևս կարիք չէին ունենա սովորելու ինքնաձիգին։

Հիշեցնենք, որ Վիետնամն ընտրել էր Galil իսրայելական ինքնաձիգերը, որոնց արտադրման գործարանի կառուցումն ընթանում է Israel Weapon Industries-ի հետ կնքած պայմանագրի շրջանակներում։ Չի հաղորդվում, թե ինչ փուլում է գործարանի շինարարությունը։

Նկատենք, որ պայմանագիրը կնքվել էր մի մրցույթի շրջանակներում, որին մասնակցում էին նաև Ռուսաստանը և Չինաստանը։ Պարզ չէ, թե ինչ առաջարկ է արել չինական կողմը Վիետնամին։ Հայտնի է միայն, որ մրցույթի պայմանների շրջանակներում էր համատեղ արտադրության գործարանի հիմնումը, որը պետք է տարեկան 50 հազար հատ ինքնաձիգ արտադրի։

Հարկ է նշել նաև, որ Galil ընտանիքի ինքնաձիգերը ստեղծվել են հենց Կալաշնիկովի ինքնաձիգի հիմքի վրա։ Այս ինքնաձիգերն արձակում են րոպեում 650 կրակոց, իսկ կրակի հեռահարությունը շուրջ 500 մ է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *