Ուրալը պատրաստել է առաջին Թայֆուն-Ու մեքենաները

Թայֆուն-Ու մեքենաների առաջին խմբաքանակը կտրամադրվի Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, որը մեքենաները կուղարկի պետական զորային փորձարկումների։

Ռուսական Թայֆուն զրահամեքենան

Ռուսական Թայֆուն զրահամեքենան

Ինչպես և նախատեսվում էր, 2013-ի ավարտին Ուրալ ընկերությունը ավարտել էր մեքենայի նախագծումն, իսկ առաջին խմբաքանակի մեքենաներն արդեն 2014-ի սկզբին անցել են գործարանային փորձարկումները։

Առայժմ հայտնի չէ, թե քանի մեքենա է պատրաստ զորային փորձարկումներին, սակայն նախկինում հայտարարվել էր, որ առաջին խմբաքանակը լինելու է 30 միավոր։ 2013-ի հոկտեմբերին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստվում է ընդհանուր առմամբ գնել 750 միավոր Թայֆուն-Ու մեքենաներ։

Թայֆուն-Ու զրահապատ մեքենաները բազմանպատակային են, նախատեսված են ինչպես դեսանտի, այնպես էլ բեռների տեղափոխման համար։ Մեքենաների վրա տեղադրված են 450 ձիաուժանոց շարժիչներ, որոնց միջոցով մեքենան խճուղու վրա կարող է զարգացնել մինչև 105 կմ/ժ արագություն։

Մեքենան ունի մարտական տեղեկատվական-ղեկավարման համակարգեր, հակաականային ու հակափամփուշտային պաշտպանության համակարգեր ու անհատական հիդրոպնևմատիկ կախոցներ, մեքենաների վրա կարող է տեղադրվել հեռակառավարվող մարտական հանգույց, որի վրա տեղադրված կլինի գնդացիր կամ ավտոմատ նռնականետ։

Դեսանտայինների համար մեքենայի թափքում տեղադրված են 12 նստատեղեր, որոնք ունեն հարվածային ալիքը կլանելու համակարգ, ինչն ապահովում է զինծառայողների անվտանգությունը պայթյունների ժամանակ։

Մետաղակերամիկական կոմբինացված զրահն ապահովում է STANAG 4569 4-րդ մակարդակի պաշտպանվածություն բոլոր կողմերից։

Նշենք, որ STANAG 4569 4-րդ մակարդակը նշանակում է, որ մեքենան պաշտպանված է 14,5 մմ փամփուշտներից (արձակված 200 մ հեռավորությունից ու 911 մ/վ արագությամբ), 155 մմ արկի պայթյունից (մինչև 30 մ հեռավորության վրա) ու հակատանկային ֆուգասային ականի պայթյունից (ականի լիցքի քաշը մինչև 10 կգ)։

Մեքենան MRAP (Mine-Resistant Ambush Protected – Ականային պայթյուններից ու դարանից հարձակումներից պաշտպանված) դասի է։ Այս դասի զրահամեքենաների հիմնական առանձնահատկությունը V-աձև հատակն է։ Հատակի նման կառուցվածքի շնորհիվ ականի պայթյունի դեպքում հարվածային ալիքը հատակի ներքևի հատվածում կիսվում է երկու մասի ու բաժանվում՝ նվազեցնելով ուժգնությունը ու թեքելով ուղղությունը։ Արդյունքում հարվածային ալիքի ազդեցությունը մեքենայի վրա թույլ է լինում, ու մեքենան պահպանում է աշխատունակությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *