Կանադայի հատուկ ծառայությունները լրտեսել են Wi-Fi ցանցի օգտատերերին

Նոր սկանդալ է հասունացել ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի՝ մամուլին փոխանցած գաղտնի փաստաթղթերի պատճառով: Ըստ այդ փաստաթղթերի՝ Կանադայի հակահետախուզության ծառայությունը լրտեսել է երկրի օդանավակայանների Wi-Fi ցանցերից օգտվող ուղևորներին: Այս մասին հաղորդում է ֆրանսիական Agence France-Presse գործակալությունը:

Կանադայի կոմունիկացիաների անվտանգության կենտրոնը լրտեսել է երկրի օդանավակայանների այն ուղևորներին, ովքեր իրենց նոութբուքը, պլանշետը կամ սմարթֆոնը միացրել են տարածքում գործող անվճար Wi-Fi ցանցին: Այդ բոլոր սարքավորումներն արձանագրվել են, ինչից հետո հնարավոր է եղել հետևել դրանց սեփականատերերի տեղաշարժին: Կենտրոնի աշխատակիցները արձանագրվել են, թե հետագայում այդ սարքավորումները որ հյուրանոցի, սրճարանի, քաղաքային տրանսպորտի և հանրային այլ վայրերի Wi-Fi ցանցին են միացվել՝ այդ կերպ ստանալով տեղեկություններ քաղաքացիների տեղաշարժի մասին:

Իրավապաշտպաններն արդեն մեղադրել են հատուկ ծառայություններին օրենքի խախտման համար՝ մատնանշելով այն դրույթը, որն արգելում է Կանադայի հակահետախուզությանն առանց դատարանի թույլտվության գաղտնալսել կամ հետևել համացանցի օգտատերերին, եթե նրանք Կանադայի քաղաքացի են: Ի պատասխան այս մեղադրանքի, Կանադայի կոմունիկացիաների անվտանգության կենտրոնում հայտարարել են, որ բոլոր գործողությունները եղել են օրինաչափ:

Հավելենք, որ սա առաջին սկանդալը չէ կապված Կանադայի հատուկ ծառայությունների հետ: Նախկինում մամուլում տարածվել են տեղեկություններ այն մասին, որ Կանադայի հատուկ ծառայությունները համացանցին միացված սարքավորումների միջոցով լրտեսել են նաև Մեծ ութնյակի գագաթնաժողովին մասնակցության համար Կանադա ժամանած օտարերկրյա հյուրերին:

Հիշեցնենք, որ նմանօրինակ գաղտնի փաստաթղթերը մամուլին է փոխանցում ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենն, ով ժամանակավոր քաղաքական ապաստան է ստացել Ռուսաստանի Դաշնությունում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *