Ֆինլանդիան գնում է ամերիկյան Stinger շարժական զենիթահրթիռային համալիրներ

Ֆինլանդիան Stinger շարժական ԶՀՀ-ների գնման համար ամերիկյան Raytheon ընկերության հետ արդեն պայմանագիր է կնքել, որի արժեքը շուրջ 122 մլն ԱՄՆ դոլար է։ Թեև Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է գործարքը, սակայն հայտնի չէ, թե որքան համալիր է ձեռք բերելու Ֆինլանդիան։

Ըստ Jane’s ռազմական հանդեսի՝ այս գումարով հնարավոր է գնել շուրջ 200 շարժական զենիթահրթիռային համալիր։ Նախատեսված է, որ Ֆինլանդիան համալիրները կստանա 2014-2017 թվականների ընթացքում։ Նախնական տվյալներով Stinger-ները կփոխարինեն Ֆինլանդիայի զինված ուժերի սպառազինության մեջ առկա ռուսական շարժական զենիթահրթիռային համալիրները։

Նշենք, որ ֆիննական կողմը շարժական ԶՀՀ-ներ ձեռք բերելու իր մտադրության մասին հայտնել է դեռևս 2011-ին։ Այդ նպատակով Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը հայտեր է ուղարկել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Շվեդիայի, Հարավային Կորեայի արտադրող ընկերություններին։

2011-ի հոկտեմբերին ԱՄՆ ՊՆ-ն Կոնգրեսին ներկայացրել է Ֆինլանդիային շարժական ԶՀՀ-ներ վաճառելու ծրագիր, որով նախատեսված էր ֆիննական կողմին տրամադրել 110 Stinger արձակման կայան, 600 Stinger RMP (Reprogrammable Micro-Processor) հրթիռ ու 10 Stinger փորձնական հրթիռ։ Ծրագրի արժեքը գնահատվել էր 330 մլն ԱՄՆ դոլար։

Արդեն 2013-ի սեպտեմբերին Raytheon ամերիկյան ընկերությունը Ֆինլանդիայում ներկայացրել է Stinger շարժական ԶՀՀ-ները ու փորձնական կրակել է դրանցով։ Կրակի համար որպես թիրախ օգտագործել են F/A-18C/D կործանիչներ, NH-90 ուղղաթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։

Stinger շարժական զենիթահրթիռային համալիրը նախագծվել է ԱՄՆ-ում 1967-1977 թվականներին, իսկ 1981-ին ընդունվել է ԱՄՆ զինված ուժերի սպառազինություն։ Այն նախատեսված է ցածր թռչող օբյեկտների խոցման համար։ Համալիրի ընդհանուր զանգվածը արձակման կայանով շուրջ 17 կգ է։ Հրթիռի զանգվածը 10,1 կգ է, մարտական մասի զանգվածը՝ 3 կգ, մարտագլխիկը բեկորային է։ Հրթիռի խոցման հեռավորությունը 200-ից 4500 մետր է, թիրախի առավելագույն բարձրությունը՝ 3800 մետր, հրթիռը թռչում է 725 մ/վ արագությամբ։

Stinger համալիրներ առկա են աշխարհի շուրջ 30 երկրների սպառազինության մեջ։ Համալիրի մոտավոր գինը շուրջ 38 հազար ԱՄՆ դոլար է։ Մինչև հիմա արտադրվել է համալիրի շուրջ 70 հազար օրինակ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *