Ռուսաստանն առաջին անգամ կցուցադրի Տոռ-Մ2ԿՄ զենիթահրթիռային համալիրը

Հակաօդային պաշտպանության միջոցների արտադրությունում մասնագիտացող ռուսաստանյան Ալմազ-Անթեյ կոնցերնը հայտարարել է Տոռ-Մ2ԿՄ զենիթահրթիռային համալիրի առաջին ցուցադրության մասին: Նոր զենիթահրթիռային համալիրը ցուցադրվելու է Հնդկաստանում՝ փետրվարի 6-ից 10-ը կայանալիք Defexo India-2014 միջազգային ցուցահանդեսի ժամանակ: Այս մասին հայտնի է դարձել Ալմազ-Անթեյ կոնցերնի տարածած մամուլի հաղորդագրությունից:

Ակնկալվում է, որ հակաօդային պաշտպանության Տոռ-Մ2ԿՄ (ռուս.՝ Тор-М2КМ) փոքր հեռահարության զենիթահրթիռային համալիրը (ԶՀՀ) լինելու է ռազմական արդյունաբերության ցուցահանդեսի ամենամեծ հետաքրքրություն ներկայացնող նմուշներից մեկը: Ի տարբերություն իր նախորդ մոդիֆիկացիաների, Տոռ-Մ2ԿՄ-ը տեղադրված է ոչ թե թրթուռավոր շասիի, այլ հնդկական արտադրության ԹԱԹԱ բեռնատարի վրա և ըստ էության, այս ԶՀՀ-ն պետք է դիտարկել որպես ՌԴ-ի և Հնդկաստանի միջև իրականացվող հերթական համատեղ ռազմական ծրագիր:

Նշենք, որ հակաօդային պատշպանության Տոռ ԶՀՀ-ի նախագծման աշխատանքները սկսվել են դեռևս 1972-ին, իսկ սպառազինություն այն ընդունվել է 1986-ին: Հետագա տարիներին ստեղծվել են փոքր հեռահարության այս ԶՀՀ-ի տարբեր մոդիֆիկացիաներ: Ալմազ-Անթեյ կոնցերնի թողարկած նախորդ մոդիֆիկացիան Տոռ-Մ2Կ-ն է, որի արդիականացված տարբերակի արտադրությունն էլ կազմակերպվել է Հնդկաստանի հետ համատեղ:

Հավելենք, որ Տոռ-Մ2ԿՄ զենիթահրթիռային համալիրն ունակ է հայտնաբերել թիրախները մինչև 32 կմ հեռավորության վրա: Դրանք խոցել 15 կմ հեռավորության և 10 կմ բարձրության վրա: Ամբողջությամբ լիցքավորված աշտարակն իր մեջ ներառում է ութ հրթիռ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *