ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 27-ին «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրեց հունվարի 19-ի լույս 20-ի գիշերն ադրբեջանական դիվերսիոն հարձակումն արիաբար հետ մղած 11 զինծառայողների։
Նշենք, որ մեդալները հանձնվեցին բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի առիթով կայացած հանդիսավոր նիստի ժամանակ:
Մեդալներ ստացած զինծառայողներն են մայոր Մնացական Ավագյանը, դասակի հրամանատար, լեյտենանտ Արման Հովհաննիսյանը, շարքայիններ Սասուն Հակոբյանը, Դավիթ Իսրայելյանը, Մխիթար Վարդանյանը, Էդիկ Դադամյանը, Ռաֆայել Ավդալյանը, Հրայր Համբարյանը, Արսեն Հովհաննիսյանը, Արտակ Շիրվանյանը, Արթուր Օհանյանը:
Հիշեցնենք, որ Բակո Սահակյանը հունվարի 20-ին դիվերսիոն հարձակման ընթացքում զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրել էր «Արիության համար» մեդալով:
Հավելենք, որ հունվարի 19-ի գիշերն Արցախում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցմանմիաժամանակյա փորձեր էին եղել։
Հայկական զինուժի առաջապահ ստորաբաժանումները երկու ուղղություններում էլ անցել էին կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով մարդկային ու նյութական կորուստ՝ հետ շպրտել: Կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը զոհվել էր հենց հակառակորդին հետ շպրտելիս։
Հայկական կողմի տվյալներով՝ ադրբեջանցիներն ունեն վիրավորներ և նվազագույնը 2 զոհ, որոնց մասին Ադրբեջանի ՊՆ-ն լռում է, սակայն հունվարի 19-ից մինչ օրս հայտարարում է ոչ մարտական կասկածելի պայմաններում ունեցած կորուստների և վիրավորների մասին։