20 տարի խրամատում կյանք ենք ստեղծում. գնդապետ Աբրահամյան

Սա մեր իրականության մեջ եզակի ժամանակաշրջան է: Վերջին 500 տարում երբևիցե չենք հանդիպել, որ Հայաստան պետությունը հանդես գա իր անկախ բանակով: Մենք ունեցել ենք մեր բանակները այս կամ այն կայսրության կամ թագավորության կազմում:

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի առաջին տեղակալ գնդապետ Աբրահամյան

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի առաջին տեղակալ գնդապետ Աբրահամյան

ՀՀ ԶՈւ կազմավորման 22-ամյակի կապակցությամբ Ռազմինֆոն զրուցել է 22-ամյա բանակային պատմություն ունեցող ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի առաջին տեղակալ, գնդապետ Աբրահամյանի հետ:

Պարոն Աբրահամյան, քանի՞ տարի է, որ ծառայում եք:

Բանակում ծառայում եմ օրացույցային 22 տարի: Առաջին զորամասը Գյումրիում էր տեղակայված, ես հրամանատարի տեղակալ եմ եղել: Այդ զորամասն իր խնդիրը լիարժեքորեն կատարեց` ցույց տալով հիանալի արդյունք: Մեր զորամասի անձնակազմից շատերը պարգևատրվեցին պետական պարգևներով:

—1990-ականներին Ջավախքից եկաք, չնայած հնարավորություն ունեինք ամեն ինչին կողքի աչքով նայել, ու ընտրեցիք ներսում լինելու դժվարին ու պատասխանատու գործը:

Ծնունդով  Ջավախքից եմ: Խորհրդային Միությունում ծառայելուց հետո, երբ 1991 թվականին զորացրվեցի, ինձ ուղարկեցին իմ գրանցման վայր, այսինքն` հետ: Այդպես էր կարգը, եթե զորացրվում ես, քեզ ուղարկում են նախկին գրանցման վայր: Դե պարզ էր, գնացի: Հենց սկսեցին կազմավորվել կանոնավոր գնդերը, ես հետ եկա: Դեռ իմ կապերը չէի կորցրել Գյումրիի զորամասի հետ, 3 տարի ծառայել էի այնտեղ: Իմացա, որ պետք է ստեղծվեն ինքնապաշտպանական գումարտակներ, ինձ միանգամից գրանցեցին այդ ցուցակում, հետո նշանակեցին գումարտակի հրամանատարի պաշտոնում: Հետո դարձա կազմավորված զորամասերից մեկի հրամանատարի տեղակալ: Այդ օրվանից սկսեցի ծառայել ՀՀ զինված ուժերում` ստեղծելով լավագույն գնդերից մեկը:

Այդ ժամանակ բոլորը փախչում էին, լույս չկար, գազ չկար, բայց ես նախընտրեցի մնալ Հայաստանում` չունենալով գրանցում: Խնդրեցի՝ ինձ գրանցեն Գյումրիում: Բարեկամներս ապրում էի Ռուսաստանում, գնալու հնարավորություն հաստատ կար:

Ամենադժվար մարտը ո՞րն էր, որ Ձեր հիշողության մեջ տպավորվել է:

Հեշտ մարտեր գոյություն չունեն: Նույնիսկ մի ասացվածք կա, որտեղ ասվում է. «Չհավանած քարը կարող է աչքդ հանել»: Չկա այդպիսի գործողություն, որին պատրաստվես ու լինի մեկը թույլ, մեկը` ուժեղ:  Ցանկացած մարտական գործողության մեկնելը դժվար է թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական առումով: Բնականաբար, ընտանիքդ մնում է: Մեր մարտական գործողությունները տարբեր կլիմայական պայմաններում են եղել, ու դու պետք է պատասխանատու լինեիր ոչ միայն քեզ, այլ նաև քո անձնակազմի համար:  Դու պետք է պատասխան տաս նրանց տեխնիկական, նյութական հագեցվածության և, իհարկե, հոգեբանականի համար:

Ես միշտ վերհիշելիս ասում եմ` ոչ թե ինչ-որ մարտ դժվար էր, այլ այդտեղ ես վատ գործ արեցի կամ մինչև վերջ լավ չարեցի: Իմ ինքնաքննադատությունն է գլուխ բարձրացնում: Ինձ չեմ կարողանում ներել, որ Շուշիի ազատագրմանը չմասնակցեցի: Մասնակցել եմ Քարվաճառի վերաազատագրմանը, Լաչինի միջանցքի բացմանը, Հորադիզի մարտական գործողություններին:

Դժվարը հոգեբանական առումով եղել է Ղոչազում: Մեր ջոկատների ժամանակ էր: Դժվար հոգեբանական բարդույթ հաղթահարեցինք: Հետևակային մարտ էր, հանկարծակիի գալով խնդիրների առաջ կանգնեցինք, շատ ընկերներ զոհվեցին: Իրականում մենք լավ պատրաստված չէինք, չնայած կարողացանք հակառակորդին հաղթել ու դուրս շպրտել:

Ամեն անգամ մարտի գնալիս, մանավանդ նորեկներին ի՞նչ էիք խորհուրդ տալիս:

Նախ` առաջինը ստուգում էինք, պատահական մարդկանց չեմ հավաքագրել: Հրամանատարը գեներալ Ապրիամովն է եղել: Գնալուց առաջ միշտ ասում էր` ստուգե՞լ ես անձնակազմին, պարտականությունները գիտե՞ն: Խորհուրդ էինք տալիս, որ լինեն ուշադիր ու պատրաստված: Միշտ հոգեպես, ֆիզիկապես ու մասնագիտորեն պատրաստված զինվորը հակառակորդի համար բարդ խնդիր է դառնում:

Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի: Այսօր մենք պատրա՞ստ ենք ևս մեկ անգամ թշնամուն լռեցնելուն:

Ճիշտ է ասված, որ խաղաղության համար պետք է պատրաստվես պատերազմի: Հրամանատար ժամանակ ասում էի, որ շարահրապարակում պետք է այնպես քայլեք, որ այդ ձայնը հակառակորդը լսի: Մեր ցուցադրած շքերթից հետո մեր հարևանները զարմանում են, թե ինչպես այս երկիրը կարող է այսպիսի բանակ ունենալ: Օրինակ` ադրբեջանական բանակի շքերթը նայելիս այնքա՜ն սխալ եմ գտել: Եթե մասնագետ ես ու հերթով նայում ես, շատ թերություններ ես տեսնում: Նայում ես` զինվորը ուշացած գալիս է, միանում խմբին ու գնում  առաջ կանգնում: Քանդվեց ամեն ինչ, էլ այդտեղ ի՞նչ կարգ:

Կրկնում եմ, այսպես պաշտպանված երկիր երբեք չենք ունեցել: Բնականաբար, բանակն իր դերը կատարում է շատ լավ, թերությունները բացառած: Այսպիսի պրակտիկայով բանակ չկա, եզակի պատմություն է: 20 տարի խրամատում կյանք ենք ստեղծում: Դուք լսել եք, որ մի երկրի զորքը 20 տարի խրամատում նստած լինի: Արտասահմանից որ գալիս են, զարմանում են, ասում են` դուք գրեթե ամեն օր զորավարժություն եք անում, մարզում եք զորքը:

Պատմության մեջ առաջին անգամ ունենք ռազմական բուհ, որ սպաներ է պատրաստում: Սա առաջին անգամ է, մեր իրականության մեջ մենք չենք ունեցել: Չգնահատել բանակի արած գործը ճիշտ չի լինի:

ԱՄՆ նախագահ Ջոն Ադամսն ասել է. «Այսօր ես պարտավոր եմ սովորել քաղաքականության և ռազմի արվեստը, որ վաղը մեր որդիները մաթեմատիկա և փիլիսոփայություն սովորելու ազատություն ունենան»: Արդյո՞ք մեր ռազմի արվեստի ուսուցումը ճիշտ հիմքերի վրա է:

Բանակը արվեստ է և ոչ թե արհեստ: Կռվողն արհեստավոր չէ: Մեր հիմնական խնդիրն արվեստի մակարդակի հասցնելն է: Եթե պարի խումբը միասնական շարժումներն անում է և ցույց է տալիս այդ ժողովրդի հոգեբանությունը, դա արվեստ է: Նույնն էլ զորքի մասին է: Եթե վաշտի հրամանատարը հրաման է տալիս, ու բոլորը համաչափ կատարում են, դա էլ է արվեստ: Սա պետք է զարգացնել, իսկ զարգացնողը ռազմական բուհն է: Այսօր մենք շատ շրջանավարտներ ունենք, ովքեր ծառայում են մեր զինված ուժերում: Բացի այդ, մեր տղաները չեն զիջում ոչ անգլիական, ոչ գերմանական զինծառայողներին: Ում ուղարկում ենք, գերազանց ավարտում են արտասահմանում ուսումն ու վերադառնում:

Ինչպե՞ս կշնորհավորեք զինված ուժերին ու ի՞նչ մաղթանքով:

Իմ տարերքն է բանակը, գժի նման եմ ծառայել: Սկզբից ասում էինք 4 տարեկան դառնար, հետո`10, 20: Մաղթում եմ, որ դառնա ավելի ծեր, դառնա 100 տարեկան, 1000 տարեկան: Եթե ուզում ենք պաշտպանված հասարակություն, ապա պետք է լավագույն տղաները մուտք ունենան բանակ: Պետք է մեր բանակը ինտելեկտուալ առումով շատ բարձր լինի: Մեր նպատակն է, որ բանակի սպայակազմը դառնա մեր պետության մտավորականության հատուկ շերտ` իր ինտելեկտով, մտածելակերպով տարբերվի:

Ցանկանում եմ բոլոր զինվորականներին նախ հաջողություն, մեր հայոց երկրին խաղաղություն, աշխարհամասում խաղաղություն, որպեսզի կարողանանք մեր ստեղծագործ աշխատանքը կատարենք լիարժեք ու ունենանք հաջողություններ նաև այլ բնագավառներում:

Հարցազրույցը` Հասմիկ Մելիքսեթյանի

Նկարը` Սոսե Մուրադյանի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *