Հունվարի 27-ին ադրբեջանական կայքերը հայտնում են Սիրիայում սպանված հերթական զինյալի մասին, որի դիակի լուսանկարը հայտնվել էր համացանցում դեռևս 2013-ի ապրիլին։ Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում կատարելով «մոջահեդների» կայքերին, սակայն դրանց անուններ չհիշատակելով, տեղեկացնում է, որ Օրխան Ռահիմուլլահ անունով ադրբեջանցի զինյալը սպանվել է Սիրիայում Բաշար Ասադի կողմնակիցների դեմ մարտում։
Նյութին կից ներկայացված է Azeri Sahid Orxan Rahimullah մակագրությամբ լուսանկարը։
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ միևնույն մակագրությամբ այս լուսանկարը հանդիպում է ադրբեջանական մեկ այլ՝ Vesti.az կայքի՝ Սիրիայում մարտնչող ադրբեջանցիների մասին 2013-ի օգոստոսի 1-ին հրապարակած հոդվածում։ Նկատենք, որ սա հենց այն ժամանակահատվածն էր, երբ ադրբեջանական թե´ իշխանամետ, թե´ ընդդիմադիր կեցվածք ունեցող լրատվամիջոցները սկսեցին հաճախ խոսել ու գրել Սիրիայի իսլամիստների շարքում կռվող ադրբեջանցիների վերաբերյալ։
Նշենք նաև, որ ավելի վաղ՝ 2013-ի ապրիլին, վերոհիշյալ զինյալի լուսանկարը հրապարակվել էր զինյալների գործունեությանը նվիրված սոցցանցային էջերում
Հարց է ծագում. ինչու՞ է ԱՊԱ-ն միայն այժմ խոսում առնվազն 2013-ի ապրիլին սպանված զինյալի մասին։
Կարծում ենք՝ հաշվի առնելով, որ ԱՊԱ-ն բացահայտ իշխանական ռեսուրս է, ուստի արտացոլում է հիմնականում այս կամ այն հարցում Ադրբեջանի պատկան մարմինների դիրքորոշումը։ Դատելով 2013-ի դեկտեմբերից մինչ այժմ հայտնվող հրապարակումներից՝ Սիրիայում կռվող ադրբեջանցի զինյալների խնդիրն արդեն իսկ լուրջ է. եթե իշխանությունները 2013-ի սկզբին փորձում էին կոծկել այն, ապա այժմ դա անհնար է դարձել։
Սիրիա մեկնելուն դեմ ուղղված կոչերով հանդես են գալիս ադրբեջանցի պատգամավորներ, հասարակական, քաղաքական, կրոնական գործիչներ, համապատասխան կառույցներ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն օրերս պաշտոնական հաղորդագրություն էր տարածել սույն թեմայով՝ այնուհանդերձ չհաստատելով ու չհերքելով, որ սպանվածներն ադրբեջանցիներ են։ Այսօր արդեն Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, այսպես կոչված «Կովկասի մուսուլմանների վարչության» նախագահ, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն առաջին անգամ խոսում է ադրբեջանցիների՝ Սիրիա մեկնելու դրդապատճառներից՝ շեշտելով հիմնականում սոցիալական կարիքը և արգելելով սպանված զինյալներին «շեհիդ» անվանել. ադրբեջանական մամուլը նրանց «շեհիդ» էր որակում 2013-ի ամռան և աշնան ընթացքում հրապարակված հոդվածներում։
Այսպիսով, Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումն այս հարցում փոփոխություն է կրել. ներկայումս փորձեր են արվում լրջորեն պայքարելու ադրբեջանցիների՝ դեպի Սիրիա հոսքի դեմ, քանի որ Սիրիայից հետ եկած զինյալների առկայությունն Ադրբեջանում կարող է խթանել ինչպես միջկրոնական բախումներ, այնպես էլ հանցավորության աճ, իսկ զինյալների շարքերում ադրբեջանցիների ու Ադրբեջանի քաղաքացիների առկայության հանգամանքը վկայում է Սիրիայի ներքին հակամարտության կողմերից մեկին սատարելու մասին, ինչն էլ բնավ դրական չի անդրադառնա Սիրիայի հետ հարաբերությունների վրա։
Pingback: Ադրբեջանն այլևս ունակ չէ կոծկելու Սիրիայում կռվող ադրբեջանցի զինյալների խնդիրը Ռազմ.ինֆո | armday