ՌԴ-ն մինչ 2016-ը չի արտահանի Ս-400 ԶՀՀ-ներ

Ռուսաստանյան Ռոսոբորոնէքսպորտ ընկերության գլխավոր տնօրենը հետաքրքիր մանրամասներ է հայտնել հակաօդային պաշտպանության Ս-400 զենիթահրթիռային համակարգերի արտահանման ուղղությունների և ժամկետների վերաբերյալ: Ռուսաստանյան Կոմերսանտ թերթին տված հարցազրույցում գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը հայտնել է, որ այդ համակարգերի արտահանումը կսկսվի ոչ վաղ, քան 2016 թվականը:

Ս-400 ԶՀՀ

Իսայկինը նշել է, որ դեռևս երկու տարի առաջ ընկերությունը սկսել է բանակցություններ վարել այլ երկրների հետ՝ Ս-400 (ռուս.՝ С-400) զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) մատակարարման շուրջ, սակայն ստիպված եղավ հայցել շահագրգիռ պետություններին, որ սպասեն մինչ 2016-ը: Իսայկինը նշել է՝ հետաձգման պատճառը պայմանավորված է նրանով, որ նախ անհրաժեշտ է Ս-400 ԶՀՀ-ներով համալրել Ռուսաստանի զինված ուժերը, այնուհետև անցնել համակարգերի արտահանմանը:

Գլխավոր տնօրենը համաձայնել է, որ ոչ բոլոր պետություններն են պատրաստ սպասել մինչ 2016-ը, ինչը պատճառ հանդիսացավ, որ մի շարք պատվիրատուներ փոխեն իրենց նախապատվությունը հակաօդային պաշտպանության միջոցների ընտրության հարցում: Սակայն առաջիկա երկու տարիներին Ռոսոբորոնէքսպորտը կկատարի շուկայի հետազոտություն և հստակ կպարզի, թե որ երկրներն են պատրաստ գնել Ս-400 ԶՀՀ և որքան են պատրաստ սպասել դրա մատակարարմանը:

Խոսելով ներկայիս պատվիրատուների և Ս-400 ԶՀՀ-ների արտահանման հետ կապված խնդիրների շուրջ՝ Անատոլի Իսայկինը նշել է, որ նախ պետք է մշակվի այդ ԶՀՀ-ի արտահանման տարբերակը, ինչի շուրջ նախագծման աշխատանքներն արդեն տարվում են: Ըստ Իսայկինի՝ նոր ԶՀՀ-ների առաջին հավանական հասցեատերերը կլինեն Բելառուսն ու Ղազախստանը, որոնք այդ ՀՕՊ միջոցները կստանան հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման շրջանակներում:

Նշվում է, որ Ս-400 ԶՀՀ-ների գնման շուրջ առաջիններից մեկը հետաքրքրություն է ցուցաբերել նաև Չինաստանը, բայց կրկին միանշանակ չէ՝ արդյո՞ք այն պատրաստ է սպասել մինչ 2016-ը:

Ս-300 ԶՀՀ-ի չինական կրկնօրինակ՝ HQ-9 ԶՀՀ

Ս-300 ԶՀՀ-ի չինական կրկնօրինակ՝ HQ-9 ԶՀՀ

Նշենք, որ Չինաստանն այդուամենայնիվ կսպասի և կգնի Ս-400 ԶՀՀ-ների գոնե փոքր խմբաքանակ՝ դրա հետագա կրկնօրինակման նպատակով, ինչը չինական ռազմարդյունաբերության պարագայում եզակի երևույթ չէ:

Հակաօդային պաշտպանության Ս-400 զենիթահրթիռային համակարգը նախատեսված է բալիստիկ և աերոդինամիկ թիրախների խոցման համար: Համակարգը կարող է հայտնաբերել թիրախները մինչև 600 և խոցել դրանք մինչև 400 կմ հեռավորության և 30 կմ բարձրության վրա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *