Սինգապուրը Ֆրանսիայից կարող է լիցքավորող ինքնաթիռներ գնել

Ֆրանսիական Airbus Defence & Space ընկերությունը 2013-ին հնարավոր է Airbus A330 MRTT լիցքավորող վեց ինքնաթիռի վաճառքի պայմանագիր է կնքել Սինգապուրի Հանրապետության հետ։ Նոր լիցքավորող ինքնաթիռները պետք է փոխարինեն դեռևս 1999-ին ԱՄՆ-ից գնված Boeing KC-135R Stratotanker ինքնաթիռները։Այս մասին հղում անելով Ֆրանսիայի արդյունաբերական ձեռնարկությունների իր աղբյուրներին՝ հայտնել է ֆրանսիական Air & Cosmosամսագիրը։

Boeing KC-135R լիցքավորող ինքնաթիռ. Սինգապուրի ՌՕՈւ

Boeing KC-135R լիցքավորող ինքնաթիռ. Սինգապուրի ՌՕՈւ

Airbus Defence & Space ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը։ Իր ռազմական գործարքների մասին շռայլ տեղեկություններ հայտնելով, առհասարակ, աչքի չի ընկնում նաև Սինգապուրը, սակայն փորձագետները հակված են կարծելու, որ այս գործարքը բավական իրատեսական է։ Դեռևս 2012-ի փետրվարին Սինգապուրը հայտարարեց լիցքավորող ինքնաթիռների ձեռքբերման մրցույթ, որին մասնակցության հայտ ներկայացրեցին ամերիկյան Բոինգ (անգլ.՝ Boeing) ընկերությունն ու իսրայելական Israel Aerospace Industries միավորումը։ Բոինգը Սինգապուրին առաջարկում էր հանրահայտ Boeing 767 կոմերցիոն ինքնաթիռի հիման վրա կառուցված КС-46А լիցքավորող ինքնաթիռը։ Իսրայելի առաջարկած Multi-Mode Tanker լիցքավորող ինքնաթիռը նույնպես Boeing 767-ի ձևափոխված տարբերակն է, որը համալրել է Կոլումբիայի և Բրազիլիայի ռազմաօդային ուժերը։

Սակայն Սինգապուրն իր նախապատվությունն ամենայն հավանականությամբ տվել է ֆրանսիական լիցքավորող ինքնաթիռներին։ Նշենք, որ ֆրանսիական Airbus А330 MRTT լիցքավորող ինքնաթիռները վերջին շրջանում բավական լայն տարածում են ստանում տարբեր երկրների ռազմաօդային ուժերում։ Այս լիցքավորողների 5 միավոր գնել է Ավստրալիան, 14 միավոր՝ Մեծ Բրիտանիան, երեք միավոր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները և 6 միավոր՝ Սաուդյան Արաբիան։ Բացի վերոնշյալ երկրներից, Airbus А330 MRTT լիցքավորող ինքնաթիռների վեց միավոր պետք է մատակարարվի Հնդկաստանին և ևս 12-ը՝ Ֆրանսիայի ռազմաօդային ուժերին։

Հավելենք, որ Airbus А330 MRTT լիցքավորող ինքնաթիռն իր առաջին թռիչքը կատարել է 2007-ի հունիսի 15-ին։ Անձնակազմը բաղկացած է երկու օդաչուից և լիցքավորման մեկ օպերատորից։ Ինքնաթիռի վառելիքի լիցքավորման պաշարը 111 տոննա է, առավելագույն արագությունը՝ 880կմ/ժ։ Թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 14 800 կմ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *