Նախազորակոչային տարիքի երիտասարդների պատվաստման խնդիրներն են քննարկվել

Պաշտպանության նախարարությունում հունվարի 24-ին ռազմաբժշկական խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին նվիրված խորհրդակցություն է անցկացվել։

Խորհրդակցություն` նվիրված ռազմաբժշկական խնդիրներին

Խորհրդակցություն` նվիրված ռազմաբժշկական խնդիրներին

Խորհրդակցությանը մասնակցում էին Հայաստանի պաշտպանության և առողջապահության նախարարներ Սեյրան Օհանյանը և Դերենիկ Դումանյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության և առողջապահության ոլորտի առաջատար ներկայացուցիչներ, մասնագետներ։

Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց 2013-ին ոլորտում իրականացված աշխատանքները։

Խորհրդակցության ընթացքում արծարծվեցին եղանակային կտրուկ փոփոխություններով պայմանավորված զորամասերում արձանագրված սուր շնչառական հիվանդությունների դեպքերը, դրանց զարգացման միտումներն ու կանխարգելման հարցերը:

Քննարկվեցին նաև նախազորակոչային տարիքի երիտասարդների պատվաստման խնդիրները: Ընդգծվեց, որ նորակոչիկները պետք է ցանկացած տեսակի վարակներից ու հիվանդություններից ապահովագրված մեկնեն ծառայության։ Այդ նպատակով մի խումբ բժիշկ-մասնագետներ այցելել են տարբեր զորամասեր և ստուգել զինվորների առողջական վիճակը: Ծավալված քննարկման ընթացքում բարձրաձայնվեցին ստուգայցերին մասնակցած մասնագետների կողմից արձանագրված ախտանշանները:

Խորհրդակցության արդյունքում որոշվեց ստեղծել ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունների համատեղ միջգերատեսչական մասնագիտական խումբ, որը կքննի վերջին շրջանում կայծակնային արագությամբ զարգացող հիվանդությունների առաջացման դրդապատճառներն ու կձեռնարկի անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *