Պաշտպանության նախարարությունում հունվարի 25-ին անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որով ամփոփվել են 2013 թվականի մարտական և օպերատիվ պատաստության արդյունքներն ու նախանշվել են 2014 թվականի խնդիրները։
Նիստի ընթացքում զեկույցով հանդես եկավ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ով ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները՝ ձեռքբերումներն ու բացթողումները։
Զեկույցներով ու ելույթներով հանդես եկան նաև կոլեգիայի անդամները։
Ելույթ եկողները նշեցին, որ 2013-ին բանակը պատվով է կատարել իր գլխավոր առաքելությունը` մեր պետության սահմանների անվտանգության ապահովումը։
Ամփոփելով կոլեգիայի նիստը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ թե իր մարտունակությամբ, թե ինժեներական ապահովվածությամբ և թե անձնակազմի պատրաստության առումով 2013 թվականին արվել է ամենայն հնարավորը` առաջնային գծում առավել անվտանգ և արդյունավետ ծառայություն իրականացնելու համար: Որպես արդյունք` մեր զինծառայողների աչալրջության ու զգոնության շնորհիվ տարվա ընթացքում հակառակորդի բոլոր ոտնձգություններն արժանի պատասխան են ստացել: Դրանից զատ, 2013 թվականին շեշտակիորեն նվազել են զինծառայողների մահացության դեպքերը, ավելին` դրանք ամենից քիչն են եղել ազգային բանակի կազմավորումից ի վեր (կարող եք կարդալ Հայաստանի ԶՈւ 2013 թվականի կորուստների ամփոփումը)։
Առաջընթաց է արձանագրվել նաև ուսումնանյութական և նյութատեխնիկական բազայի հարստացման, սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման ուղղությամբ: Ինչ վերաբերում է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, ապա հարկ է նշել, որ 2013 թվականին շահագործման են հանձնվել նոր զորանոցներ և բանակային այլ շինություններ, ծառայողական բնակարաններով ապահովվել են բազմաթիվ զինծառայողներ: Միջազգային ռազմական համագործակցության շրջանակում 2013 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և ՆԱՏՕ-ի հետ իրականացվել են միջոցառումներ ու զորավարժություններ, որոնց ընթացքում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ստորաբաժանումները դրսևորել են մարտավարամասնագիտական պատրաստության և փոխգործակցության բարձր մակարդակ: Ի թիվս այլ կարևորագույն խնդիրների` ընթացիկ տարվա գերակա խնդիրներից մեկն է հանդիսանալու պայքարը փողոցային բարքերի և երևույթների դեմ:
Պաշտպանության նախարարը մի շարք զինծառայողների պարգևատրեց գերատեսչական մեդալներով, պատվոգրերով, արժեքավոր նվերներով: Օհանյան նաև պատվո դրոշներ հանձնեց ՀՀ զինված ուժերի 2013 թվականի ուսումնական տարվա արդյունքներով լավագույնը ճանաչված ստորաբաժանումներին: