Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հրավիրված ասուլիսում նշեց, որ Ռուսաստանի հետ ունեցած ռազմական համագործակցության շրջանակներում շարունակելու ենք ձեռք բերել հեռահար և գերճշգրիտ միջոցներ:
Մեր պայմանավորվածություններն ուժի մեջ են։ 2014 թվականին հեռահար և գերճշգրիտ միջոցների ձեռքբերումը կհասցնենք իր վերջնագծին»,- տեղեկացրեց Սեյրան Օհանյանը։
Նախարարը նշեց, որ հայ-ռուսական համագործակցությունն արդեն երկար տարիներ գոյություն ունեն։ Այդ համագործակցության շրջանակներում Հայաստանը կարողանում է բարելավել անվտանգության միջավայրն ու փոխգործունակությունը։
Պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ միասնական ՀՕՊ համակարգի ստեղծմանը, նշելով, որ այդ գործընթացն երկար տարիներ իրականացվում է առաջին հերթին ՀԱՊԿ շրջանակներում կատարելագործվելու համար։
«Ռուսաստանի հետ նման համակարգ ունենալու համար մենք ունենք միացյալ հրամանատարական և ղեկավարման կետ, որ վերահսկվում է։ Այդ համակարգը կատարելագործման գործընթացում է։ Մեր տարածաշրջանում ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հետ հակաօդային պաշտպանության խնդիրներն իրականացվում են ընդհանուր մեր ՀՕՊ համակարգի շրջանակներում»,- ներկայացրեց պաշտպանության նախարարը։