Հյուսիսային Կորեայի հետ սահմանին անցկացվող զորավարժության ընթացքում Չինաստանի զինված ուժերը կիրառել են իրենց Type-99 (ZTZ-99) տանկի նորագույն արդիականացումը՝ Type-99G հիմնական մարտական տանկը, որը երկար ժամանակ գաղտնի էր պահվում։
Թեև դեռևս 2008-ից տեղեկություններ էին հայտնվել, որ Չինաստանը նման արդիականացում է նախագծել, սակայն նոր տանկն առաջին անգամ պաշտոնապես ներկայացվեց հենց այս զորավարժության ընթացքում։ Մինչ այդ ինչպես տանկերի գոյությունն, այնպես էլ նրանց մարտավարատեխնիկական բնութագրերը գաղտնի էին պահվում։
Հայտնի է, որ 55 տոննանոց տանկի վրա տեղադրված է 125 մմ հարթափող թնդանոթ, որը հնարավորություն ունի նաև հրթիռներ արձակել։ Մինչ այս, Չինաստանը ներկայացրել էր տանկի Type-99A1 ու Type-99A2, սակայն դրանց արտադրության կամ սպառազինության ընդունվելու մասին տեղեկություններ չկան։
Type-99-ը Չինական արտադրության հիմնական մարտական տանկերի ընտանիք է, ունի մի քանի արդիականացումներ։ Տանկի անձնակազմը 3 հոգի է, զանգվածը 54-55 տոննա է՝ կախված արդիականացումից։ Զինված է 125 մմ հարթափող թնդանոթով, 7,62 ու 12,7 մմ գնդացիրներով, ինչպես նաև Ռեֆլեքս հակատանկային կառավարվող հրթիռներով։ Տանկն արտադրվում է 2000-ից, իսկ սպառազինության մեջ կիրառվում է 2001-ից։